ԿարևորՄիջազգային

Անտառային հրդեհները Ֆրանսիայում և Իսպանիայում զանգվածային տարհանումների պատճառ են դարձել

Իսպանիայում և Ֆրանսիայի հարավային շրջաններում բռնկված մասշտաբային անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 70,000 մարդ։ Մինչև 44°C հասնող անոմալ տապի և ուժեղ քամիների պատճառով իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ Ֆրանսիան գործարկել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ միջազգային ավիացիա ներգրավելու նպատակով։

Իսպանիայում փրկարարական ծառայությունների և ոստիկանության համակարգումն անցել է Ներքին գործերի նախարարության ուղիղ վերահսկողության տակ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումը։

Մադրիդից արևմուտք երկու խոշոր հրդեհներ միախառնվել են՝ վերածվելով մեկ հսկայական օջախի։ Ծուխը հասել է Մադրիդի կենտրոնական թաղամասեր։ Մայրաքաղաքային տարածաշրջանում և հարևան Ավիլա նահանգում տարհանվել է մոտ 40,000 մարդ։

Արդեն մեկ շաբաթ է՝ պայքար է ընթանում Գվադալախարա նահանգում բռնկված հրդեհի դեմ, այն արդեն ոչնչացրել է ավելի քան 320 քառակուսի կիլոմետր անտառ։ Տարեսկզբից ի վեր երկրում այրվել է ավելի քան 1140 քառակուսի կիլոմետր տարածք։

Ֆրանսիայում հրդեհը պատել է Արկաշոն ծոցի շրջանի խիտ սոճու անտառները: Իշխանությունները հայտարարել են Կապ-Ֆերե զբոսաշրջային թերակղզու ամբողջական տարհանում, որտեղից դուրս է բերվել մոտ 63 000 մարդ:

Տարեսկզբից Ֆրանսիայում այրվել է ավելի քան 50 000 հեկտար հողատարածք, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները:

Տարերքն արդեն խլել է մի քանի փրկարարների կյանք, այս շաբաթ Բորդոյի մոտակայքում զոհվել է երկու հրշեջ:

Երկու պետություններն էլ դիմել են Եվրոպական միությանը՝ օգնություն ստանալու նպատակով։ Ֆրանսիային ավիացիոն համալրում կտրամադրեն Խորվաթիան, Պորտուգալիան, Չեխիան և Սլովակիան։ Իսպանիան ստանում է Իտալիայի և Հունաստանի կողմից ուղարկված՝ հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված չորս օդանավ, ինչպես նաև աջակցություն՝ «Copernicus» արբանյակային համակարգի միջոցով։

Կարդացեք նաև

Back to top button