
Բյուրեղավանում աղիքային վարակը դեռ չի նահանջում: Բնակիչներն ահազանգում են, որ ծորակի ջուրը տհաճ համ ու հոտ ունի։ Սակայն «Վեոլիա Ջուր»–ն ու մասնագետները բացառում են ջրային գործոնը հիվանդության տարածման հարցում: Ինչ են ցույց տվել խմելու ջրի առաջին լաբորատոր փորձաքննությունները։
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը շարունակվում են։ Հիվանդության տարածման և պացիենտների վիճակի մասին «Ռադիոլուր»-ին որոշ մանրամասներ է հայտնում քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը․
«Երեկ՝ մինչև ժամը 9-ը, 14 կանչ ենք ունեցել, 4-ը՝ ստամոքսաղիքային տրակտի գանգատներով․ հոսպիտալացում չի եղել։ Աբովյանի բժշկական կենտրոնից 19 հիվանդների մեծ մասն արդեն դուրս է գրվել։ Ուրիշ ինֆորմացիա այս պահին չունեմ»։
Հուլիսի 17-ից Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են գրանցվում։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Մեջբերում․
«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:
Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է հանգեցնել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»։
Սա վերջին երեք ամիսներին արդեն երկրորդ բռնկումն է այդ բնակավայրում: Մասնագետներն ասում են, որ ախտանշանները նույնն են՝ լուծ, փսխում, ջերմություն։ Բուժօգնության դիմողները մեծ մասամբ Բյուրեղավանից են, եղել են նաև Արզնիից ու Նուռնուսից:
Բյուրեղավանի բնակիչները վերջին շրջանում զգում են ջրի տհաճ համ ու հոտ, անգամ կանաչավուն երանգ, ըստ այդմ՝ ենթադրում են, որ վարակի պատճառը խմելու ջուրն է։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, սակայն, այս ենթադրությունները չի հաստատում։ Մեջբերում․
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը շարունակական վերահսկողության տակ է և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։ Միաժամանակ, կոչ ենք անում զերծ մնալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված տեղեկությունների տարածումից՝ հիմնվելով փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա։ Հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակը վերահսկում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն. oրենքով սահմանված կարգով այն մշտապես վերահսկում են նաև պետական իրավասու մարմիններ։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի վերաբերյալ առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ավելի վաղ նաև հայտնել էր, որ ջրի 14 նմուշներից 3-ում լաբորատոր հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել։ Դրանից հետո կենտրոնը նոր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, մեջբերում․
«Այն ջրային կետերում, որտեղ շեղումներ են հայտնաբերվել, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Նմուշներ են վերցվում նաև աղիքային վարակի նոր արձանագրված օջախներում»։
ՀՎԿԱԿ-ից հայտնել էին նաև, որ գործակցում են Բյուրեղավանի պոլիկլինիկայի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ կանխելու վարակի հետագա տարածումը և վերահսկողության տակ պահելու իրավիճակը։
Հուլիսի 17-ից հետո կանչերի թիվն անցել է հինգ տասնյակը՝ «Ռադիոլուրին» փոխանցել էր Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Շուշանյանը: Նա կարծում է, որ վարակը կապված չէ ջրի որակի հետ․
«Այս սեզոնին դա բնորոշ է։ Ոչ միայն Բյուրեղավանում, այլև Երևանում բավական հաճախակի են նման դեպքերը։ Առավելապես կապված է ռոտավիրուսի, միրգ-բանջարեղենի օգտագործման հետ, երբ պատշաճ չի լվացվում, նաև ձմերուկի հետ։ Այսինքն՝ ամեն ինչի հետ էլ կարող է կապված լինել․ չեմ կարծում, թե սա ջրային վարակ է»։
Բյուրեղավանի մի շարք բնակիչներ, սակայն, նկատել են, որ առողջական խնդիրներն ի հայտ են եկել ծորակի ջուրն օգտագործելուց հետո։
«Զգուշանում ենք, էլ ծորակից ջուր չենք խմում։ Վերջերս իսկապես տհաճ հոտ ու համ է գալիս․ կարծես ձկան հոտ լինի։ Մինչդեռ նախկինում մեր ջուրը շատ լավն էր»։
Բյուրեղավանում ոչ բոլորն են դժգոհ ջրի որակից, սակայն արդեն զգուշանում են․ երբեմն խմելու համար շշալցված ջուր են օգտագործում։
«Վեոլիայից» նաև ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ, առողջության համար վտանգ ներկայացնող գործոն՝ ևս։ Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Տեղեկացվում է, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ։




