
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը հանել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից։ Գործադիրը, սակայն, վստահեցնում է՝ խոսքը ոչ թե հուշարձանի ապամոնտաժման մասին է, այլ գործառնական արդիականացման, որը նախատեսված է օդանավակայանի զարգացման ծրագրով։ Դրանով, ի դեպ, կառավարության և օդանավակայանը կառավարող ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվել է ևս 35 տարով՝ մինչև 2067 թվականը։ Նախաձեռնությունը դարձյալ մասնագիտական մտահոգությունների առիթ է դարձել։
Կառավարությունը «Զվարթնոց»–ի հին մասնաշենքի ապամոնտաժման հարց չի քննարկում։ Սակայն հավանություն է տվել միջազգային օդանավակայանի զարգացման նոր ծրագրին։ Գործադիրի 2026-ի հունվարի 22-ի որոշմամբ հաստատվել է Հայաստանի կառավարության և օդանավակայանը կառավարող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հերթական՝ հինգերորդ լրացումը։
Այդ պայմանագրով, հիշեցնենք, «Զվարթնոց»-ը 2002-ի հունիսից 30 տարով հանձնվել է Էռնեկյանի հայաստանյան «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը: Վերջին լրացմամբ՝ կառավարությունը համաձայնել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ևս 35 տարով՝ մինչև 2067 թ․ դեկտեմբերի 31-ը։
Ըստ փաստաթղթի՝ ընկերությունը մինչև 2026 թ․ հունվարի 31-ը պետք է կառավարությանը ներկայացներ «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման գլխավոր ծրագիրը՝ մաստեր պլանը։ Դրանով նախատեսված է 425 մլն դոլարի կապիտալ ներդրումների ծրագիր, որը պետք է իրականացվի մինչև 2033 թվականը:
Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Զվարթնոց»–ի հին մասնաշենքի վերանորոգում և գործառութային նոր նշանակությամբ օգտագործում։ Նպատակը շենքը ժամանակակից օդանավակայանների համար պահանջվող անվտանգության չափանիշներին և շահագործման նորմերին համապատասխանեցնելն է։
ՏԿԵ նախարարության շրջանառած նախագծի համաձայն՝ «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը չի շահագործվում նախկին գործառույթով և չի համապատասխանում ժամանակակից օդանավակայանների ենթակառուցվածքային պահանջներին։ Մեջբերում նախագծի հիմնավորումից․
«Գտնում ենք, որ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ»-ը, որպես տրանսպորտային ենթակառուցվածք, նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը»։
Նախագծի հեղինակները պնդում են՝ շենքի նկատմամբ գործում են հուշարձանների պահպանության հատուկ սահմանափակումներ, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է կատարվի այդ կարգավիճակից բխող պահանջներով։
«Զվարթնոց»–ի հին մասնաշենքի իրավական կարգավիճակի հնարավոր փոփոխությունը մտահոգում է ճարտարապետական հանրության մի մասին։ «Արթուր Թարխանյան» կենտրոնի ղեկավար Անահիտ Թարխանյանը դեմ է կառավարության նախաձեռնությանը։
Անահիտ Թարխանյանը մտավախություն ունի, որ կարգավիճակի փոփոխությունից հետո կառույցը կարող է հայտնվել քանդման վտանգի առաջ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա ընդգծում է՝ «Զվարթնոց»–ի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության արժեքավոր նմուշներից մեկն է․
«Այդ ինվեստիցիոն ծրագիրը կազմում է մոտավորապես կես միլիարդ դոլար, նոր օդանավակայան կառուցելու տեսակետից, ինչը լուրջ գումարներ է։ Իսկ վերականգնելով հին, պատմական օդանավակայանը շատ ավելի արագ կլինի, որովհետև շենք արդեն գոյություն ունի։ Պետք է ընդամենը վերանորոգել դա, և շատ փոքր գումարներով կարելի է դնել վերաշահագործման դնել»։
«Արթուր Թարխանյան» կենտրոնը կառավարությանը հորդորում է վերանայել «Զվարթնոց»-ի զարգացման ծրագիրը՝ պահպանելով օդանավակայանի հին մասնաշենքը։ Միաժամանակ առաջարկում են համալիրի վերակառուցման իրենց տարբերակը։
«Արթուր Թարխանյան» կենտրոնի մտավախությունները փարատում է ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Վանյանը հերքում է կառույցի հնարավոր քանդման մասին պնդումները․
«Ապամոնտաժման հարց չի քննարկվում, քանի որ այն կարևոր նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան է, բայց քննարկումներ կան նրա վերաօգտագործման որոշակի գործառութային փոփոխությունների վերաբերյալ։ Ստացվել է նախագիծ, որը քննարկվել է նախարարության գիտամեթոդական խորհրդում։ Այն վերաբերում է շենքի վերաօգտագործմանը որոշակի փոփոխություններով, փոփոխությունը վերաբերում է կենտրոնական աշտարակի շուրջ եղած հատվածին, այսինքն՝ շրջանաձև հատվածի որոշակի փոփոխություն է ենթադրում, որը թույլ կտա ենթակառուցվածքային առումով օգտագործելի դարձնել հին մասնաշենքը և կապել այժմ գործող օդանավակայանի հետ։ Հաշվի առնելով նաև ենթակառուցվածքային բարդությունը, օդանավակայանի և զբոսաշրջային հոսքերը, մարդկանց քանակը՝ ակնհայտ է, որ օդանավակայանը ենթակառուցվածքային զարգացման անհրաժեշտություն ունի»։
Հարություն Վանյանի խոսքով՝ յուրաքանչյուր կառույց, այդ թվում՝ պատմամշակութային նշանակության հուշարձան, չօգտագործվելով և անտեսված մնալով՝ ժամանակի ընթացքում ավելի վատ վիճակում է հայտնվում։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է նման կառույցները գործառութային դարձնելը, քանի որ շահագործվող և խնամվող շենքերն ավելի երկար կյանք ունեն․
«Այս համատեքստում նախատեսվող նախագիծը, եթե իրականացվի և կառույցը սկսի օգտագործվել, բնականաբար, դրանից առաջ պիտի որոշակի ամրակայման, նորոգման վերականգնման աշխատանքներ արվեն։ Որպեսզի այն բերվի այն անվտանգային նորմերին, որը թույլ կտա հանրության համար կամ այլ գործառույթի, որի համար կնախատեսվի օգտագործել»։
«Զվարթնոց»–ի հին մասնաշենքի պահպանության հարցն առաջին անգամ չի քննարկումների առարկա դառնում։ Դեռ 2013-2017 թվականների մաստեր պլանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում էր ապամոնտաժել շուրջ 90 հզր մ2 մակերեսով շինություն, այդ թվում՝ կլոր շենքի խորհրդանշական աշտարակը։
Նույն մաստեր պլանի համաձայն՝ ապամոնտաժվող շինությունների տարածքում պետք է մեծացվեին մեկնման և ժամանման հատվածները՝ հին VIP մասնաշենքի տարածքի հաշվին, մինչև 2030 թվականը կլոր շենքի տեղում պետք է գործեր ուղևորային նոր համալիր։ Սակայն այս ծրագրերն այդպես էլ կյանքի չկոչվեցին։
Կլոր շենք տանող էստակադան, որը գնահատվել էր վթարային, 2016–ին ապամոնտաժվեց։ Մյուս շինությունները, այդ թվում՝ հին մասնաշենքը, պահպանվեցին։
Ավելին՝ մասնագիտական և հանրային ճնշմամբ 2018-ին մասնագիտական հանձնաժողովի միաձայն որոշման համաձայն՝ մի շարք կառույցներ ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ, այդ թվում՝ «Զվարթնոց»–ի հին մասնաշենքը:




