
Ռուսաստանը շարունակում է խստացնել Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։ Այս անգամ սահմանափակումների թիրախում կաթնամթերքն է։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է, որ հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը՝ դա հիմնավորելով ստուգումների ընթացքում արձանագրված սննդամթերքի անվտանգության խախտումներով։ Հայկական կողմը, սակայն, պնդում է, որ ռուսական մեղադրանքները փաստերով չեն հիմնավորվել, և համատեղ ստուգումների ընթացքում նման խախտումներ չեն արձանագրվել։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ինչպե՞ս են արձագանքում պատասխանատու կառույցները, և ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ այս որոշումը Հայաստանի համար։
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն այս կապակցությամբ փոխանցեց․
«Էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, լիազորություններից բխող բոլոր գործողությունները ու քայլերը կձեռնարկի, սակայն հարցը հիմնականում լիազոր մարմնի՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի տիրույթում է»։
ՍԱՏՄ-ն տարեկան ստուգումների շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում՝ նշում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Ստուգումների արդյունքում եթե անհամապատասխանություններ են հայտնաբերվում, տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում»։
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հուլիսի 14-ից 21-ը իր մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթի վերամշակման այն ձեռնարկություններում, որոնք ռուսական շուկա մուտքի թույլտվություն էին ստացել Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա։ Հաղորդագրությունում ասվում է.
«Ստուգումը հաստատել է այնպիսի խախտումներ, որոնք գրանցվել են նաև 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Այդ խախտումները վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգմանը, ռիսկերի կառավարման համակարգերին և արտադրության վերահսկողության ծրագրերին»։
Ռուսական կողմը նաև պնդում է, որ ընթացիկ ստուգմամբ հայտնաբերել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված կաթնամթերքի արտադրությունում վարակված կենդանիներից ստացված կաթի օգտագործման դեպքեր։ Հայտարարվել է նաև, որ հաստատվել են դեպքեր, երբ Ռուսաստանի շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրությունում օգտագործվել է երրորդ երկրներից ներմուծված հումք՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է հայկական կամ Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկություններից ստացված հումք։ Մեջբերում «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունից․
«Մինչև օրս Հայաստանը չի ստեղծել համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատելու համար։ Սա հատկապես վերաբերում է այն անձանց կողմից կաթի վերամշակմանը, ովքեր չեն կարող երաշխավորել մատակարարվող արտադրանքի անվտանգությունը»։
Հայաստանում այդ մեղադրանքները պաշտոնական մակարդակով չեն ընդունում։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ հուլիսի 14-ից 21-ի ստուգումները կատարվել են համատեղ՝ հայ և ռուս մասնագետների կողմից։
«Կաթնամթերք արտադրող հայկական չորս կազմակերպություններում համատեղ վերահսկողության արդյունքները ռուսական կողմը, թեև, չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքը անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ սկսեց այս տարվա ապրիլի վերջից՝ ավելի լայն թափ հաղորդելով դրանց մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ ներկրման արգելք է կիրառվել հայկական արտադրության հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղկի, ձկնամթերքի, ինչպես նաև գյուղմթերքի՝ միրգ-բանջարեղենի և հատապտուղների ներմուծման նկատմամբ։
Տնտեսագետները նշում են, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ տնտեսական և քաղաքական հետևանքներ, սակայն նաև շեշտում են, որ երկարաժամկետ հեռանկարում դրանք հնարավոր է մեղմել՝ արտահանումը այլընտրանքային շուկաներ ուղղելով։ Միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանը նկատում է․
«Իշխանությունը շատ ակտիվ ջանքեր է ուղղում շուկաների դիվերսիֆիկացմանը։ Ես դա ողջունում եմ։ Դա, վստահեցնում եմ ձեզ, ավելի է ընդլայնում մեր հնարավորությունները Ռուսաստանի հետ բանակցելու և Ռուսաստանի դիրքերը նաև մեղմելու այս առումով։ Եթե Ռուսաստանը չի ուզում Հայաստանի հետ առևտուր անել, ապա մենք հաստատ ունենալու ենք ուրիշ գործընկերներ, որոնք կուզենան այդ առևտուրը անել»։
Երկրի համար զգայուն հարցը հետաքրքրել է նաև Կենտրոնական բանկին՝ տվյալ դեպքում գնանկման տեսանկյունից։ ԿԲ նախագահ Մարտին Գրիգորյան.
«Սցենարները բազում են։ Եթե, օրինակ, չստացվեց փոխել շուկաները և մնացինք բացառապես Ռուսաստանի շուկայի վրա, ապա ազդեցությունը գնանկման վրա, մեր գնահատմամբ, կարող է լինել մինչև 0,6 տոկոս։ Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է»։
2025-ի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվել է մոտ 16 միլիոն դոլարի կաթնամթերք, այդ թվում՝ պանիր և կաթնաշոռ, կարագ և կաթնային յուղեր, խտացրած կամ շաքարով կաթ ու սերուցք, մածուն, կեֆիր և այլ թթվակաթնամթերք։




