Հասարակություն

Ձմեռային զորակոչին զուգընթաց ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը նիստեր կգումարի

karenghazaryan
Ձմեռային զորակոչին զուգընթաց ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը նիստեր կգումարի յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի՝ արձագանքելով զորակոչի հետ կապված դիմում-բողոքներին: Խորհուրդն այսօր անցկացրել է այս շրջանի անդրանիկ նիստը: Հասարակական խորհուրդն արդեն ստացել է շուրջ 60 դիմում, հիմնականում զորակոչիկների առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

 

 

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդն, ընդունելով քաղաքացիների դիմում-բողոքները, դրանք նախ քննարկում է խորհրդում, ապա, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջնորդություններ ներկայացնում զորակոչն իրականացնող պատկան մարմիններին: Հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի խոսքով՝ զորակոչի ծավալային աշխատանքի մեջ վրիպումներ ու սխալներ հնարավոր են, սակայն, ամենակարեւորն այն է, որ ստեղծվում են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս այդ սխալները կանխելու կամ շտկելու:

«Այդ առումով, հանձնաժողովի ստեղծումը կոնկրետ զորակոչային գործընթացում հասարակական վերահսկողության իրականացման մեխանիզմ էր եւ վերահսկողոկան գործառույթից այսօր մասնակցային լուրջ գործառույթ է իրականացնում հանձնաժողովը: Բողոքարկման դաշտում մենք արդեն ստանում ենք դիմում-բողոքների 40 տոկոսը: Անցյալ զորակոչի վիճակագրությունն է դա»:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ դա մի քանի տարիների աշխատանքի արդյունք է՝ պարզ ու անաչառ սկզբունքների որդեգրմամբ: Հնարավորություն է տրվում, որ քաղաքացիները լիարժեք ներկայացնեն զորակոչի հետ կապված իրենց դիմում-բողոքները: Գեղամ Հարությունյանն ասաց, որ դիմում-բողոքները քննարկվում են լիարժեքորեն, որին մասնակցում են նաեւ ծնողներն ու զորակոչիկը:

Հանձնաժողովը կգործի մինչեւ հունվարի 23-ը: Կարծում եմ՝ զորակոչի ավարտից մեկ շաբաթ առաջ մենք կդադարեցնենք նիստերը՝ օպերատիվությունը ապահովել հնարավոր չլինելու պատճառով եւ խորհուրդ կտանք արդեն ուղիղ դիմել կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որպեսզի հարցը հասցնեն քննարկել եւ համապատասխան որոշում տալ: Այսինքն՝ չքննարկված դիմում-բողոք չի լինելու:

Մարիամ Գալստյանը հանձնաժողովին էր դիմել իր թոռան խնդրով: Մինչ այդ՝ զորակոչային հանձնաժողովը նկատել էր երեխայի առողջության հետ կապված խնդիրը եւ ուղարկել վիրահատության: Վիրահատությունը կազմակերպվել եւ հաջողությամբ կատարվել է: Տատը հանձնաժողովին խնդրում է հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ զորակոչիկի մայրը միայնակ է ու վատառողջ, նրան ծառայության կոչել բնակավայրին մոտ տարածքում:

Հանձնաժողովը որոշեց համապատասխան միջնորդություն ներկայացնել: Օրվա ընթացքում հանձնաժողովը կքննարկի 23 դիմում-բողոք: Այն դիմումների վերաբերյալ, որոնցով հանձնաժողովի որոշմամբ միջնորդություն պետք է ներկայացվի՝ վաղը մինչեւ կեսօր արդեն դրանք կուղարկվեն համապատասխան մարմիններին՝ վստահեցրեց ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button