
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս պահին «իմաստ չի տեսնում» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ անձնական հանդիպում անցկացնելու մեջ։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթի ընթացքում Պուտինը պատասխանել է Զելենսկու՝ օրեր առաջ հրապարակված բաց նամակի վերաբերյալ հարցին։ Ուկրաինայի նախագահը նամակում առաջարկել էր անձամբ հանդիպել և քննարկել պատերազմի դադարեցման ու հրադադարի հաստատման հնարավորությունները։
Պուտինը հաստատել է, որ ծանոթացել է նամակին՝ նշելով, որ այն իրեն փոխանցել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պեսկովն այսօր առավոտյան ինձ այդ թուղթը տվեց»,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ առայժմ չի տեսնում նման հանդիպման անհրաժեշտությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին նամակ էր հրապարակել՝ առաջարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել հակամարտությունը։
«Ուկրաինան առաջարկում է դադարեցնել մեր և ձեր միջև պատերազմը»,-ասված էր նամակում։
Նա առաջարկել էր նաև հանդիպում անցկացնել երրորդ երկրում և որպես տարբերակներ նշել է Շվեյցարիան, Թուրքիան և արաբական երկրները։
«Առաջարկում եմ հանդիպել և հանդիպման հստակ ամսաթիվ նշանակել»-գրել էր Զելենսկին։



