
Ռուսաստանը հայտարարում է ուկրաինական նոր հարձակումների մասին։ Մասնավորապես նշվում է, որ ՀՕՊ-ը անցած գիշեր Ռուսաստանի տարածքում ուկրաինական 173 անօդաչու սարք է խոցել։ Ուկրաինան էլ հաղորդում է, որ Մոսկվան «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Կիևի բնակելի թաղամաասերին։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Ֆրանսիայի և Գեմանիայի իշխանությունները դատապարտել են Մոսկվայի այդ քայլը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական լարվածությունը նոր փուլ է մտնում։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը քննադատել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռի արձակումը Կիևի բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Նա X-ում գրել է, որ Մոսկվան, հնարավոր է, փորձում է շատ քաղաքացիական անձանց ոչնչացնել: Ռուսաստանի վերջին հարվածները Ուկրաինային, նաև միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը, Կալասը «միջուկային սրի անխոհեմ թափահարում» է համարում:
«Ռուսաստանը փակուղի է մտել մարտադաշտում, այդ պատճառով էլ ահաբեկում է Ուկրաինայի քաղաքացիներին՝ միտումնավոր հարվածելով մայրաքաղաք Կիևին: Սրանք հրեշավոր ահաբեկչական գործողություններ են, որոնք ուղղված են որքան հնարավոր է շատ քաղաքացիական անձանց սպանելուն»։
Միջուկային մարտագլխիկների համար նախատեսված «Օրեշնիկ» համակարգի կիրառումը Կալասը քաղաքական սպառնալիք և միջուկային անպատասխանատու շանտաժ է համարում։
Կիևի բնակիչ Վալերի Կազոննին պատմում է, թե ինչ հետևանքներ է ունեցել գիշերային հարձակումը․
«Գիշերը պայթյուն է եղել, պատուհանների ապակիները կոտրվել են և ընկել ինձ վրա։ Բայց ամեն ինչ կարգին է։ Գլխավորն այն է, որ բոլորը ողջ են։ Բայց շատ աշխատանք կա անելու. բոլոր պատուհանները կոտրվել են, այնպես որ, շատ բան կա վերանորոգելու»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը Կիևի ուղղությամբ առաջին անգամ է «Օրեշնիկ» կիրառում։ Ըստ նրա՝ Մոսկվան 600 անօդաչու սարք և 90 հրթիռ է արձակել, վիրավորվել է 80-ից ավելի մարդ, սպանվել են երեքը:
«Մենք հարձակումներ ենք գործում միայն ռազմական թիրախների ուղղությամբ՝ Ռուսաստանի ռազմական կամ անօդաչու սարքերի արտադրության կամ էներգետիկ համակարգերի վրա, քանի որ երբ նրանք վաճառում են էլեկտրաներգիա, գիտենք, որ աջակցում են իրենց բանակին։ Իսկ այս հարվածներով թիրախավորվում են քաղաքացիական բնակավայրեր՝ թանգարաններ, դպրոցներ, բնակելի շենքեր։ Չեռնոբիլի թանգարանը նոր է կառուցվել՝ ընդամենը մեկ ամիս առաջ։ Եվ նրանք հարձակվեցին հենց թանգարանի վրա։ Սա պարզապես խելագարություն է»։
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների՝ հրթիռն արձակվել է Աստրախանի մարզի Կապուստին Յար փորձարկման պոլիգոնից: Ըստ այդմ՝ «Օրեշնիկ»–ը կրել է վեց մարտագլխիկ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Օրեշնիկ»–ի արձակումը։ Գերատեսչությունը հաղորդում է, որ ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ հարձակումների։ Նշվում է, որ կիրակի՝ գիշերը, ռուսական զինուժը չորս տիպի հրթիռ է կիրառել՝ «Օրեշնիկ», «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն»։
Մինչև այդ՝ ռուսական կողմը հայտարարել էր որ մայիսի 22-ի գիշերը ուկրաինական զինուժը հարվածել էր Լուգանսկի պետական մանկավարժական համալսարան քոլեջի ուսումնական մասնաշենքին ու հանրակացարանին։ Ըստ ռուսական ԶԼՄ–ների՝ տասնյակ մարդիկ են սպանվել ու վիրավորվել։
Սա Մոսկվայի կողմից «Օրեշնիկ» հիթիռի երրորդ կիրառումն է ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Հրթիռի նախորդ արձակումները եղել են 2024–ին և 2026–ի հունվարին։ Բայց երկու դեպքում դրանք կեղծ մարտագլխիկներով են եղել՝ առանց պայթուցիկների։ Այդ հարվածներն ընկալվել էին որպես ուժի ցուցադրություն՝ Ուկրաինային և Արևմուտքին, այլ ոչ իրական վնաս հասցնելու նպատակ։ Բայց այս անգամ «Օրեշնիկ»–ը զուտ ցուցադրության համար չի կիրառվել։
Ուկրաինական հետախուզությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը ոչ ավելի, քան երեք կամ չորս «Օրեշնիկ» ունի։ Սակայն Մոսկվան հայտարարել է, որ 2026–ին մտադիր է ևս հինգ հրթիռ պատրաստելու։
Կիևի թաղամասերին ռուսական հարվածները դատապարտել են նաև ԵՄ մի շարք երկրներ։ Մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում գրել է, որ «Օրեշնիկ»-ի կիրառումը ռուսական ագրեսիայի փակուղային վիճակի վկայություն է և էսկալացիայի նոր տեսակ է։ Նա վերահաստատել է Փարիզի աջակցությունն Ուկրաինային։
Կիևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Ըստ նրա՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները դաժանության դրսևորում են, և դա ցույց է տալիս, որ Մոսկվան շահագրգռված չէ դիվանագիտական ճանապարհով հարցեր լուծելու։




