Կառավարության և ԱԺ-ի վերջին քննարկումների առանցքում եղել են ապօրինի գույքի բռնագանձումները և դրանց իրավական ընթացքը։ Վարչապետը ևս անդրադարձել է թեմային՝ ի պատասխան տարբեր քննադատությունների շեշտելով՝ պետությունը չի հետապնդում օրինական սեփականությունը, այլ վերադարձնում է ապօրինի ծագում ունեցող գույքը։
Կառավարության անդամներն ու գլխավոր դատախազը ներկայացրել են ինչպես արդեն պետությանը գույքի վերադարձման դեպքեր, այնպես էլ դատարանում գտնվող գործեր։ Խորհրդարանում հնչած հարցադրումներին ի պատասխան Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է՝ աշխատանքը կատարվում է կոնկրետ քրեական վարույթների շրջանակում և չի կարող ներկայացվել ընդհանրացված կամ քաղաքական գնահատականների ձևով։
Կառավարությունը որևէ մեկի օրինական գույքը սեփականացնելու խնդիր իր առջև չի դրել` կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը. սա վերաբերում է բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքին։
«Ասում են` վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է․․․հա, գրել եմ, որովհետև ասել ենք` հատիկ-հատիկ, կարող է պարզվի 2 զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ-հատիկ այո, և առանձնատունը, և կոկորդիլոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք»։
Կառավարությունում խոստովանում են, որ պատկերացրել են, թե ինչ խնդիրների են բախվելու ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում։ Պատճառը միայն այն չէ, որ զրոյից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլ այն, որ պետությունը պայքարում է տարիներով ձևավորված մի ողջ համակարգի դեմ, որը Փաշինյանը համարում է «մաֆիա»։

Ըստ Փաշինյանի՝ խոսքը միլիարդների արժեքով գույքի մասին է, որոնք ձեռք են բերվել տարբեր շրջանակների վրա ազդեցություն ունեցող մարդկանց կողմից, իսկ այդ ազդեցությունների մի մասը երկար ժամանակ ստվերային է եղել։ Փաշինյանն ասում է՝ այդ կապերն ու մեխանիզմներն աստիճանաբար բացահայտվում են։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարությունում զեկուցում է մի նախագիծ։
«Նախագծով առաջարկվում է Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գտնվող 20.5 հա ընդհանուր մակերեսով 323.8 միլիոն դրամ միջին շուկայական արժեքով գույքն ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին»։
Գլխավոր դատախազը մանրամասնում է՝ խոսքն ինչի մասին է․ 2023-ի օգոստոսի 29-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ։
«2026 թվականի փետրվարի 27-ին դատախազությունը Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ հետ կնքել է հաշտության համաձայնություն, որով, ինչպես նշեցի, հայցապահանջում ներառված ավելի քան 323 մլն միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքը հանձնվել է ՀՀ սեփականությունը»։
Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և 65 դրվագով համայնքային հողերը օտարել տարբեր անձանց՝ ուղղակի վաճառքներով կամ կեղծ աճուրդներով։ Նրան նաև մեղադրում են առանձնապես խոշոր չափի գույքի օրինականացման մեջ։
«Մեր քրեական վարույթները և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերը ժամանակային առումով սկսել են համընկնել, և ավելին` բոլորովին վերջերս Վճռաբեկ դատարանը Կարապետ Գուլոյանի գործով կայացրեց նախադեպային որոշում, և այս որոշումը ուղենիշային է ոչ միայն այս գործի համար, այլև ապօրինի ծագում ունեցող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր մյուս հայցերով»։

Գուլոյանի դեմ վճիռն ուշագրավ է այն առումով, որ այն, ըստ դատախազության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել հանրությանը հայտնի առանձնատան հանդեպ ու ոչ միայն․ միայն 2 գույքի ընդհանուր միջին շուկայական արժեքը գերազանցել է 300 դրամը։ Երկրորդ վճիռը ևս Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջը՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման է առնչվում։
Դատարան հանձնված կոռուպցիոն գործերի թվում կան բազմադրվագ, հանրային հետաքրքրություն ունեցող այլ գործեր էլ, որոնք վերաբերում են՝
• ՀՀ նախկին վարչապետ և այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին,
• Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին,
• Զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանին,
• 2008-2015 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանին,
• Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին,
• Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին,
• Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանին, • Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանին և այլոց:
Անցյալ տարի դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 67 միլիարդ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
Նախօրեին ԱԺ-ում Դատախազության 2025-ի գործունեության զեկույցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հիշեցրել է խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ խոսքը բառի բուն իմաստով մաֆիայի մասին է, և եթե այն միայն ներհայաստանյան լիներ, իրավիճակը այլ կլիներ, սակայն այդ համակարգը երբեմն ունեցել է ճյուղավորումներ նաև այլ երկրներում։
«Կոնկրետ այդ մաֆիայի դեմ կա՞ հարուցված քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ․ որ ուղղակի գրված լինի, որ այս մարդիկ եկել են հանցավոր համաձայնության Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս ստեղծել են մաֆիա։ Մի ամբողջական ինչ-որ մի գործ կա՞ թե չէ՞։ Որ մենք հասկանանք` Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում։ Պետք է ենթադրել, որ եթե գործադիր մարմնի ղեկավարն է հայտարարություն անում, ինքը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը դուք տրամադրե՞լ եք Նիկոլ Փաշինյանին, թե չէ՞»։
Պատգամավորի բերած օրինակը համարելով պարզունակ սխեմա՝ Գլխավոր դատախազը արձագանքել է․
«Մենք ֆիլմի սցենար չենք նկարում, մենք կոնկրետ քրեական վարույթներ ենք քննում, և ես նշեցի` հիմա դուք փորձում եք ամեն կերպ սադրել ինձ, որ ես սկսեմ ձեզ անուններ նշել, բայց այդ անունները բոլորի համար են պարզ, և մենք էլ պարբերաբար հրապարակում ենք»։
Գլխավոր դատախազի խոսքով՝ երկրում արձանագրվել են տնտեսական գործունեությանը միջամտող կազմակերպված հանցավոր վարքագծի դեպքեր, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում։
Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններին՝ գլխավոր դատախազը նշել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ-ում գրանցվում է դրանց թվի նվազում:




