
Աիդա Ավտիսյան
«Ռադիոլուր»
2015 թվականի հունվարի 1- ից Ֆեյսբուք սոցիալական ցանցը կանցնի նոր քաղաքականության՝ իր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրա իմացության և թույլտվության կփոխանցի երրորդ անձի: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր գրանցված են Ֆեյսբուքում, չեն կարող պահպանել նամակագրության և իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Ֆեյսբուքում նախատեսվող փոփոխություններից է այսօր խոսել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս կերպ Ֆեյսբուքը փորձում է մեր տվյալներն օգտագործել գովազդի համար: Ֆեյսբուքում օգտատերերն աշխատում են անվճար, իսկ սոցիալական այս ցանցն օգտագործում է մեր աշխատուժը:
Առաջին հայացքից թվում է, թե Ֆեյսբուքում գրանցվելն ուղղակի տեղեկատվություն ստանալու և ընկերներիդ հետ կապ պահպանելու լավագույն անվնաս միջոցն է, սակայն փաստորեն այդպես չէ: 2015 թվականից Ֆեյսբքուքում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում օգտատերերը հնարավորություն չեն ունենա պահպանել իրենց անձնական տվյալների և նույնիսկ նամակագրության գաղտնիությունը, քանի որ այն Ֆեյսբուքի ադմինիստրացիան առանց օգտատիրոջ համաձայնության փոխանցելու է երրորդ անձի: Իսկ այդ երրորդ անձինք կարող են լինել գովազդային կազմակերպությունները, հատուկ ծառայությունները, կառավարական տեսչությունները՝ դրանով փորձելով բացահայտել քրեական հանցագործությունները:
Անձնական տվյալների փոխանցելով երրորդ կողմին՝ Ֆեյսբուքը մեր տվյալները շարունակելու է օգտագործել նաև գովազդային նպատակներով. «Ֆեյսբուքն օգտվում է այն տվյալներից, որոնք մենք տեղադրում ենք սոցցանցում, որպեսզի տրամադրի այն ինչով որ փող է աշխատում, թիրախավորված գովազդ: Իրականում մենք ֆեյսբուքում անվճար աշխատող ենք, անվճար մեծ հնարավորություններ է տրամադրում, դրա դիմաց օգտագործելով մեր աշխատուժը, որը մեր գործողություններն են սոցցանցում, գումարած մեր աչքերը, որը մենք պետք է գովազդը տեսնենք և ստանանք մեծ բավականություն»:
Իսկ այն, որ գաղտնի չեն կարող պահվել նաև օգտատերերի նամակագրությունները, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, դրանով փորձում են բացահայտել մանկապիղծներին:
«Վերջին տարվա նորություններից մեկն է: Օրինակ՝ G-mail ն էլ պարզ դառավ, որ օգտատերերին հանձնել էր ոստիկանությանը՝ բռնացնելով, որ mail-ով մանկական պոռնոկագրական նյութեր են փոխանցել»:
Ֆեյսբուքում տեղի ունեցող փոփոխությունները, ըստ մեդիափորձագետի, ամփոփում են վերջին երկու տարիներին սոցիալական այս ցանցում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները: Եվ հիշեցրեց ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ինտերնետային խոշորագույն ընկերությունների օգտատերերի անձնական տվյալների և նամակագրությունների վերահսկողությունը, ինչը բացահայտեց Միացյալ նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը:
Ֆեյսբուքը մեզ բավականին լուրջ հետևում է, ասում է Սամվել Մարտիրոսյանը և նկատում, որ այսօր Ֆեյսբուքում ամսական մեկ միլիարդ երեք հարյուր միլիոնից ավելի օգտատեր ակտիվ գործունեություն է ծավալում: Այս ամենից խուսափելու համար օգտատերերը պետք է ուղղակի դադարեցնեն սոցիալական ցանցերով շփումները։ Այս իրավիճակում Ֆեյսբուքը կունենա օգտատերերի մեծ թվով, այսպես ասած, արտագաղթ։
Ի դեպ՝ ֆեյսբուքում օգտատերերի աճը նվազել է Սնոուդենի բացահայտումներից հետո:




