ԿարևորՀասարակություն

Կառավարությունը Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի 9 համայնք կմիավորի 3- ի մեջ. ՀՀ-ում կլինի խոշորացված 64 համայնք

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձեւավորել նոր համայնքային միավորումներ, իրականացնել համայնքների խոշորացում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում։

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ձեւավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ձեւավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով եւ ձեւավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք:

Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 3 նոր համայնք:

Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երեւանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է համայնքներում, կազմակերպվել են քննարկումներ համայնքների ղեկավարների եւ ավագանիների մասնակցությամբ:

Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է լրացում կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որը վերաբերում է ընտրությունների նշանակման հարցին: «Լրացումը կատարում ենք, որպեսզի կարողանանք համայնքների ավագանիների՝ մինչեւ լիազորությունների դադարումը մարզպետների կողմից նշանակվեն համապատասխան ընտրություններ»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը: Այդ համայնքներում  նախատեսվում է ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը:

Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:

Կարդացեք նաև

Back to top button