ԿարևորՔաղաքական

Առաջիկայում կշարունակենք Ադրբեջանի հետ սահմանազատումը, օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատման ամփոփման հարցը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը, օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփման հարցը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Հաջորդ կարևոր նորությունը. արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը, և սա, նույնպես, շատ կարևոր և բացառիկ մի իրավիճակ է, և պետք է արձանագրեմ, որ այդ 12 կմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ՝ պայուսակների մեջ դրած»,- վարչապետի խոսքերն է փոխանցում «Արմենպրես»- ը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:

«Սա մեզ ստիպում է նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը, սովորաբար, խաղաղության սիմվոլ են․ այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն: Մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք: Սրանով, ըստ էության, ՀՀ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button