ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն հիասթափված է ՆԱՏՕ-ից ու Եվրոպայից՝ իրեն չաջակցելու համար․ ԵՄ երկրները կողմ  են միայն Հորմուզի նեղուցի բացմանը

Իրանի դեմ պատերազմի թեժ փուլում Դոնալդ Թրամփը սպառնալիքներ հնչեցրեց ՆԱՏՕ-ի հասցեին ու ասաց, որ Միացալ Նահանգները կլքի դաշինքը։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Իեն Ստոլտեմբերգը դաշինքի անդամ եվրոպական  երկրներին հորդորել է կենտրոնանալ սեփական անվտանգության ապահովման վրա և թերահավատորեն չընդունել ԱՄՆ նախագահի սպառնալիքները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ն լքելու սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել՝ կարծում է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Իեն Ստոլտենբերգը։ Նրա կարծիքով՝ չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա տասնամյակում։ Ըստ Ստոլտենբերգի՝ որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե իրադարձությունները ինչպես կծավալվեն, ուստի ԵՄ երկրները պետք է կենտրոնանան սեփական գործողությունների վրա և պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության ապահովման հարցում, ավելացնեն սպառազինությունը։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ ՆԱՏՕ-ի գոյությունը հավերժ է։ ՆԱՏՕ-ի գոյատևումը քարին փորագրված չէ»։

Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրջորեն կվերանայի ՆԱՏՕ-ի շրջանակում իր գործունեությունը, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում․

«Ես շատ հիասթափված եմ ՆԱՏՕ-ից։ Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք վճարում  ՆԱՏՕ-ի համար, իսկ նրանք այնտեղ չէին մեզ համար։ Հիշո՞ւմ եք, թե ինչ ասացի։ ՆԱՏՕ-ն այնտեղ չէր։ Հիմա նրանք ուզում են գալ, բայց այլևս իրական սպառնալիք չկա։ Բայց ՆԱՏՕ-ն այնտեղ չէր մեզ համար»։

Լրագրողի հարցին, թե պատժելու է արդյոք ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին ԱՄՆ-ին չօգնելու համար, Դոնալդ Թրամփն ասել է, որ այդ հարցը լուրջ քննության առարկա է․

«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Բայց, գիտեք, մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց օգնելու համար։ Եվ կարծում եմ, որ դա շատ լուրջ քննության է ենթարկվելու»։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն փլուզման շեմին է։

Անցած շաբաթ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը կրկնել էր, որ դժգոհ է ՆԱՏՕ-ից։ AP գործակալությունը ենթադրում է, որ քննարկումները նպատակ են ունեցել մեղմացնելու Թրամփի կոշտ դիրքորոշումը ՆԱՏՕ–ի նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ ասել էր, որ իր երկիրը չի մասնակցի իրանական նավահանգիստների շրջափակմանը։

Նա ասել էր, որ Լոնդոնի ջանքերը կենտրոնացած են նավագնացության հիմնական երթուղու վերաբացման շուրջ։

AP–ն հիշեցնում է, որ Սթարմերը այսկերպ արձագանքել է Թրամփի հայտարարությանը, թե Մեծ Բրիտանիան ականազերծող նավակներ կուղարկի Հորմուզի նեղուց։ Սակայն Լոնդոնը պարզաբանել էր, որ կարող է օգնել ջրային ուղիների ականազերծմանը, բայց միայն մարտական գործողությունները դադարելուց հետո։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաժողով կկազմակերպեն այն երկրների հետ, որոնք պատրաստ են մասնակցելու Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման առաքելությանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն նշել է․

«ՆԱՏՕ-ն աշխարհի ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է։ Եվ այն մեզ անվտանգ է պահել տասնամյակներ շարունակ։ Եվ մենք լիովին նվիրված ենք ՆԱՏՕ-ին։ Անկախ իմ և ոմանց վրա ճնշումներից, անկախ աղմուկից՝ ես գործելու եմ և որոշումներ եմ կայացնելու՝ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով։ Եվ ես հստակ եմ ասել, որ սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ։ Բայց ես նույնքան հստակ եմ ասել, որ երբ խոսքը վերաբերում է պաշտպանությանը, անվտանգությանը և մեր տնտեսական ապագային, մենք պետք է ավելի սերտ կապեր ունենանք Եվրոպայի հետ»։

Դոնալդ Թրամփը քննադատել է նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ դարձյալ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չաջակցելու համար։ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետը անընդունելի էր համարել Հռոմի պապի հասցեին Թրամփի քննադատությունը։

Կարդացեք նաև

Back to top button