Քաղաքական

ԵՏՄ- ի անդամակցության հարցում հստակ դիրքորոշում ունի միայն ՀՀԿ- ն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ- ն  գոնե իր համար պարզել է. ԵՏՄ-ում Հայաստանի օգուտներն ավելի շատ են, քան՝  վտանգները. գտնվելու ենք բավականին մեծ տնտեսական տարածքում եւ հենց այդ շուկայում մեր ապրանքները շատ ավելի մրցունակ են, այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ատակ Դավթյանը։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում Հայաստանին սպառնացող ռիսկերին, ապա այս առումով առաջին տեղում են տրանսպորտային խնդիրներն ու Հայաստանի շրջափակումը: Ընդամենն ունենք երկաթուղային մեկ կապ`Վրաստանով, իսկ Աբխազական երկաթուղու ապագայի հարցին ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ։ «Առաջիկայում կերեւա»,- ասաց պատգամավորը:

ԵՏՄ-ին անդամակցելու հարցով երեկվա խորհրդարանական լսումներն ապացուցեցին՝ այս հարցի առնչությամբ հստակ դիրքորոշում ունի միայն մեկ՝ գործընթացը նախաձեռնած իշխող քաղաքական ուժը: Բացառությամբ մի քանի անհատական կարծիքների՝ մնացած ուժերը խուսափում են հստակ գնահատականներից, հավանաբար, հետագայում պատասխանատվությունից խուսափելու կամ, միգուցե, քննադատելու իրավունք ունենալու համար:

Դեկտեմբերի 1-ին մեկնարկող քառօրյան ամեն ինչ կդնի իր տեղը, հավատացած է Արտակ Դավթյանը: «Սա այն հարցը չէ, որ որեւէ մեկը փորձի ձեռնպահ մնալ, որովհետեւ դա կապված է մեր երկրի ապագայի հետ: Ինչպես են պատկերացնում ավելի լուրջ դերակատարություն ստանձնել պետական որոշումներ կայացնելու առումով, եթե այս հարցին շատ կոնկրետ պատասխան պետք է տրվի: Կարծում եմ՝ ճիշտ ու տեղին կլինի լսենք այն քաղաքական ուժի ներկայացուցիչների հստակ դիրքորոշումն ու պատասխանը, որոնք երեկ կամ մասնակցում էին, կամ կիսատ-պռատ էին մասնակցում այդ քննարկումներին»,- նկատեց պատգամավորը։

 

Կարդացեք նաև

Back to top button