
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Եղիազար Վարդանյանն ամփոփել է 2025 թ․ գործունեությունը։ Նա ասել է, որ շինարարության որակի ապահովումը իրենց առաջնահերթություններից է։
Քաղաքաշինական գործընթացների կարգավորումը, պարզեցումը և պարզաբանումը կոմիտեի գործունեության օրակարգում են։ Բացի այդ՝ կոմիտեն կարգավորում է նաև քաղաքաշինությամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման, դասակարգման և մոնիթորինգի հարցերը։
Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, շինարարությունը լայն թափ է ստացել։ Երևանին զուգահեռ՝ նաև մարզերն են սկսել ակտիվանալ։ Քաղաքաշինական նորմերի խստացումը, միաժամանակ նաև պարզեցումը օրակարգային են դարձել։ Կառուցապատողները կարող են, ազգային նորմերից բացի, կամավորության սկզբունքով ընտրել ու ծրագրերում կիրառել նաև եվրոպական նորմեր։ Դրանք արդեն տեղայնացված են։ ՀՀ-ում զուգահեռաբար կգործեն ազգային ու եվրոպական նորմերը՝ տեղեկացնում է քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը․
«Որոշ ժամանակ հետո, երբ կգանք էն վիճակին, որ կկարողանանք ամբողջությամբ անցում կատարել եվրոպական նորմերի, ապա անցում կկատարենք եվրոպական նորմերի»։
Մթնոլորտային խնդիրների վրա շինարարության ազդեցությունը նվազեցնող նորմ է մշակվել։ Սահմանել են՝ ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիք ու սարքավորում օգտագործեն․
«Սահմանվել է պահանջ, որ շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք չեն ծառայում որպես ճանապարհ, պետք է խճապատվեն, որպեսզի շարժման կամ քամիների դեպքում բարձրացող փոշին չաղտոտի մթնոլորտը։ Պարտադիր պահանջ է, որ փոշեճնշիչ, փոշեզսպիչ սարքավորումներ կիրառվեն։ Մյուս պահանջները նույնպես վերցրել ենք միջազգային փորձից, հետևաբար երբ այդ նորմերը մտնեն ուժի մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության առումով կհասցվի նվազագույնի»։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ նաև հրդեհային անվտանգության բրիտանական ստանդարտն են տեղայնացնում։ Առաջիկայում կհաստատվեն։ Երկրաշարժադիմացկուն նորմերում ևս խիստ պահանջներ են սահմանվել։ Փոխվել են նորմերը․ եթե նախկինում նախադպրոցական հաստատությունը կարող էր միայն մինչև երեք հարկ ունենալ, ապա այժմ 4 հարկն էլ է թույլատրելի, դպրոցները կարող են մինչև 5 հարկ ունենալ, բժշկական կենտրոնները՝ մինչև 9։ Սա թույլ են տալիս ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները։ Բացի այդ, ըստ Վարդանյանի, հողերն ավելի արդյունավետ կօգտագործվեն։ Հաստատվել են մետաղական կամուրջների արտադրության փաստաթղթավորման հարցերը։ Առաջիկայում ՀՀ-ում կսկսեն արտադրել մետաղական կոնստրուկցիայով կամուրջներ․
«Յուրաքանչյուր տեղամասում կարող ենք այդ տարրերը միացնելով հավաքել և ստանալ այսօրվա պահանջներին համապատասխան կրողունակություն ունեցող կամուրջներ»։
Նման կամուրջներ տեղադրված են Լոռու մարզում՝ Ալավերդիում։ 2024 թ․ հեղեղումներից հետո Իրանը Հայաստանին մետաղական կամուրջներ նվիրեց։ Այժմ այդպիսիք կարտադրվեն ՀՀ-ում։
Շենքերի անձնագրավորման ռեեստր կստեղծվի՝ ասում է Վարդանյանը։ Շենքերի մուտքերի մոտ QR կոդեր կամրացնեն։ 2025 տարեվերջին հաստատել են նաև շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականությունը։ ՀՀ-ն մինչև այժմ խորհրդային տարիներին հաստատված մեթոդաբանությունն էր կիրառում։ Վերլուծել ու պարզել են՝ երկրում 50 հազար հողակտոր կա, որոնք 400 քառ․/մ–ից պակաս մակերես ունեն։ Բայց գործող շինարարական նորմերը թույլ չեն տալիս դրանք կառուցապատել․
«Քաղաքացիներն արդարացի հարց են բարձրացնում, մենք հիմա լրացուցիչ ընթացակարգ ենք սահմանելու և թույլ ենք տալու նորմերի մեջ համապատասխան փոփոխություն կատարել։ Դրանից հետո քաղաքացիները կկարողանան կառուցապատում անել 200 քառ․/մ-ից ավելի մակերեսով հողակտորների վրա»։
Մշակվել է «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 3 կմ երկարությամբ, 6,5 մ լայնությամբ ճեմուղու նախագիծը։ Այս տարի կսկսվի շինարարությունը։




