ՀասարակությունՌեպորտաժներ

Ընտանիքում բռնության ենթարկված անձինք կարող են ազատվել դատարան դիմելու պետական տուրքից

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում է դատարաններում պետական տուրքից ազատելու արտոնություններ սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։ Նախաձեռնության հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։ Առաջարկվող փոփոխությունը, ըստ հեղինակի, կպաշտպանի բռնության ենթարկված անձանց իրավունքները։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ Պատգամավորը գտնում է, որ պետք է արտոնություններ սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար, ազատելով նրանց դատարաններում պետական տուրք վճարելու պարտավորությունից։

Ըստ առաջարկվող փոփոխության՝ բռնության զոհ դարձած անձինք չպետք է պետական տուրք վճարեն այն դեպքերում, երբ դատարան են դիմում նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության հայցերով, ծնողական իրավունքների իրականացման հետ կապված գործերով, այդ թվում՝ երեխայի բնակության վայրի որոշման, տեսակցության և շփման կարգի սահմանման, երեխայի խնամքին, դաստիարակությանը և կրթությանը մասնակցության հայցերով, հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։

Ներկայում գործող կարգավորումներով պետական տուրքից ազատվում են միայն այն անձինք, որոնք դատարան են դիմում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշումների վերաբերյալ հայցերով։ Սակայն նույն գործերով կայացված դատական ակտերի բողոքարկման դեպքում նման արտոնություն չի գործում։

«Մինչդեռ շահառուների հետ աշխատող կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության ենթարկված անձինք հաճախ ունեն ոչ միայն հոգեբանական, այլև լուրջ ֆինանսական խնդիրներ։

Հատկապես երեխաներին վերաբերող գործերով պետական տուրքի վճարումը հաճախ դառնում է խոչընդոտ դատարան դիմելու և իրենց իրավունքները լիարժեք պաշտպանելու համար»։

Ըստ օրենսդրական նախագծի հեղինակի՝ առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել արդարադատության մատչելիությունը և հնարավորություն տալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց լիարժեք իրացնելու իրենց իրավունքները՝ անկախ սոցիալական և ֆինանսական վիճակից։ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս առաջարկը քննարկելիս նշվեց նաև, որ պետական տուրքը միակ ծախսը չէ․ դատարան դիմող անձինք հաճախ ստիպված են վճարելու նաև փաստաբանի ծառայությունների համար, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքարկումների դեպքում։ Զարուհի Բաթոյանն ասում է՝ թեև պետական պատվերի շրջանակում հասարակական կազմակերպությունները որոշ դեպքերում ապահովում են անվճար իրավաբանական աջակցություն, այդ ծառայությունների ծավալը բավարար չէ, և շատ շահառուներ ընդհանրապես չեն դիմում այդ հնարավորություններին։

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը շուրջ 324 բռնության ենթարկված անձ չի դիմել դատարան՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Միևնույն ժամանակ, գործող կարգավորումների բացակայության հետևանքով չկա համապարփակ և հստակ վիճակագրություն, թե իրականում քանի անձ է զրկվում դատարան դիմելու հնարավորությունից և ինչ ֆինանսական բեռի մասին է խոսքը»։

Կախված գործի տեսակից, դատական ատյանից և երեխաների թվից, վճարվող գումարը կարող է լուրջ ֆինանսական խոչընդոտ դառնալ բռնության ենթարկված անձանց համար և սահմանափակել նրանց դատական պաշտպանության հնարավորությունները։ Բաթոյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունը պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա և չի կարող գնահատվել որպես բյուջետային կորուստ։ Պետական մուտքերի տեսանկյունից խոսքը փոքր ծավալների մասին է։

 «էս հարցով մենք ո՞ւմ ենք օգնում` էն երեխաների՞ն որոնք բռնության են ենթարկվում, թե՞ էն կանանց, որոնք ուղղակի սիրում են բողոքել և անընդհատ ամուսիններից բողոքում են, որովհետև ոստիկանությունում էլ կարող են բան անել, հաստատել, որ կանայք կան, որոնք սիրում են անդադար դիմումներ ուղարկել առանց պատճառի»։

Հարցնողը պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Նա հետաքրքրվեց ՝ արդյո՞ք այս փոփոխությամբ դատարաններ հայցադիմումներն ահռելի թվերի չեն հասնի։ Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ գործող կարգավորումներով բռնության ենթարկված անձը դատարան է դիմում միայն պաշտպանական որոշում ստանալու համար։ Անհետաձգելի միջամտության կամ նախազգուշացման որոշումների դեպքում դատարան դիմելու անհրաժեշտություն չկա․ այդ որոշումները կայացնում է ոստիկանությունը։ Եթե բռնության ենթարկված անձը դիմում է դատարան պաշտպանական որոշման համար, ապա այդ փուլում պետական տուրք չի վճարվում։ Սակայն առաջարկվող փոփոխությունը վերաբերում է արդեն հաջորդ փուլին։

«Խնդիրը ծագում է այն դեպքում, երբ ոստիկանության կամ դատարանի կողմից կայացված պաշտպանական կամ նախազգուշացման որոշումը բողոքարկվում է բռնություն գործադրած անձի կողմից, և դատարանը վերացնում կամ փոփոխում է այդ որոշումը։ Եթե բռնության ենթարկված անձը համաձայն չէ այդ դատական ակտի հետ և ցանկանում է այն վերանայել՝ ներկայացնելով վերաքննիչ կամ այլ բողոք, ապա գործող կարգավորումներով նա արդեն պարտավոր է վճարել պետական տուրք»։

Այս իրավիճակում է, որ պետական տուրքի չափը դառնում է լուրջ խոչընդոտ։ Օրինակ՝ առաջին ատյանի դատարանում պետական տուրքը կարող է սկսվել բազային տուրքի 20-ապատիկից։ Եթե գործը վերաբերում է երեխաներին՝ օրինակ, երեք երեխայի բնակության վայրի որոշմանը, ծնողական իրավունքների իրականացմանը, կրթության և դաստիարակության հարցերին, յուրաքանչյուր երեխայի մասով կարող է ներկայացվել առանձին հայց։

«Օրենքի ընդունման դեպքում կստեղծվեն պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առանց պետական տուրքի ֆինանսական բեռի կարողանան դիմել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ՝ բողոքարկելու կայացված դատական ակտերը։ Արդյունքում կապահովվի նրանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը պետության կողմից»։

Պատգամավոր Անուշ Քլոյանը կարևորեց օրենսդրական փոփոխության առաջարկը։ Ըստ նրա՝ սա կարևոր նախաձեռնություն է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար, որոնք հաճախ գտնվում են հոգեբանական և սոցիալական ծանր վիճակում։ Գործող կարգավորումներով բազմաթիվ անձինք պարզապես չեն կարողանում օգտվել դատական ակտերը վերաքննիչ և վճռաբեկ կարգով բողոքարկելու իրենց իրավունքից՝ ֆինանսական անապահովության պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button