ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ օրը Սպիտակ տանը կհանդիպի Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ։ Հանրապետական առաջնորդն առաջին անգամ կհանդիպի քաղաքապետի ընտրություններում հաղթած դեմոկրատ սոցիալիստի հետ, գրում է Reuters-ը։
Թրամփը աջակցել է Մամդանիի մրցակից Էնդրյու Կուոմոյին։ Մամդանին քննադատել է ներգաղթի դեմ պայքարի և Գազայում պատերազմի ժամանակ Իսրայելին ԱՄՆ աջակցության Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։
«Մենք համաձայնության ենք եկել, որ այս հանդիպումը տեղի կունենա Օվալաձև աշխատասենյակում ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին»,-չորեքշաբթի օրը սոցիալական ցանցերում ասել է Թրամփը։
Մամդանին այս շաբաթվա սկզբին լրագրողներին ասել է, որ իր թիմը դիմել է Սպիտակ տանը՝ հանդիպում կազմակերպելու համար։
Քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփը սպառնացել էր Մամդանիի հաղթանակի դեպքում դադարեցնել միլիարդավոր դոլարների դաշնային ֆինանսավորումը Նյու Յորքին։
Նյու Յորք նահանգի վերահսկիչ մարմնի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2026 թվականի ֆինանսական տարում Նյու Յորք քաղաքին կտրամադրի 7.4 միլիարդ դոլար, կամ քաղաքի ընդհանուր ծախսերի մոտ 6.4%-ը։
Մամդանին քաղաքապետի պաշտոնը կստանձնի հունվարի 1-ին։




