
Cloudflare ամպային ծառայությունը հայտարարել է, որ վերացվել է ծառայության աշխատանքում գրանցված խոշոր տեխնիկական խնդիրը։ Նոյեմբերի 18-ին ամբողջ աշխարհի հազարավոր կայքեր սկսեցին չգործել կամ աշխատել խափանումներով։
Խափանման հետևանքով անհասանելի էր X սոցիալական ցանցը, խնդիրներ կային Spotify-ում, ChatGPT-ում և մի շարք այլ կայքերում։ Ի՞նչ տեղի ունեցավ ինտերնետի հետ և ինչպես աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկը հայտնի դարձավ հենց խափանումից հետո։
Եթե դուք նոյեմբերի 18-ին՝ ժամը 15։30-ից հետո, փորձել եք թարմ տեղեկություններ ստանալ Հանրային ռադիոյի առցանց հարթակից՝ armradio.am-ից, ապա բախվել եք խոչընդոտի, ինչի համար մենք ցավում ենք։ Բայց մեղավորը մենք չենք։ Մի շարք կայքեր շարքից դուրս էին եկել, ինչի համար մի երկար նամակ-խնդրի տեխնիկական նկարագրով արդեն ներողություն է խնդրել Cloudflare ինտերնետային ծառայությունը։ Դրա համահիմնադիր և գործադիր տնօրեն Մեթյու Փրինսը նշել է, որ այս խափանումը ամենավատն էր, որ պատահել էր 2019 թվականից ի վեր։
«Ամբողջ թիմի անունից ես կցանկանայի ներողություն խնդրել պատճառած ցավի համար»,-գրել է Փրինսը։ Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է խնդիրը, որի մասին «Ռադիոլուր»-ին պարզ-հասկանալի լեզվով պատմել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։ Նախ՝ այս հարթակի մասին։
«Հայաստանյան կայքերը շատ հաճախ հարձակումների են ենթարկվում, այդ թվում՝ DdoS հարձակումների։ Դա հարձակման տեսակ է, որ ադրբեջանցիներն են սիրում օգտագործել և որպես լավագույն պաշտպանություն՝ շատերն օգտագործում են արտասահմանյան Cloudflare ծառայությունը։ Երբ գալիս են հարձակվելու հայկական կայքի վրա, դրա փոխարեն նրանք ընկնում են Cloudflare պաշտպանական սերվերների վրա։ Cloudflare-ը որոշում է՝ եկողը հարձակվող է, թե նորմալ ընթերցող, և եթե նորմալ ընթերցող է, թողնում է մոտենալ սերվերին, եթե ոչ, հակադարձում է»։
Այսպիսով՝ Քլաուդֆլեյր-ը կանգնում է կայքի և օգտատիրոջ միջև ու ստուգում անվտանգությունը։ Սա ինտերնետային հսկայական ենթակառուցվածք է․ ամբողջ աշխարհում գործող կայքերի 20 տոկոսի մուտքն անցնում է հենց այս դռնով։ Եվ հենց այդ դուռն էր, որ երեկ տեխնիկական սխալի պատճառով փակվել էր բոլորի առաջ։
«Մարդիկ գալիս էին կայք և չէին հասնում։ Իրականում կայքերը լիարժեք աշխատում էին, բայց էն պաշտպանական համակարգը, որը պատասխանատու է հսկելու՝ էս մարդը պիտի կայքը բացի, թե ոչ, ինքը սկսել էր չաշխատել։ Տեղի էր ունեցել կոնֆիգուրացիոն սխալ, այսինքն` փորձել են նոր պաշտպանություն գործարկել, բայց ինչ֊որ բան սխալ է ընթացել։ Այդ մասին ընկերությունը մանրամասն տեխնիկական բացատրություն է տվել, և դա շատ լավ է, որովհետև եթե իրենք հրապարակում են, թե ինչ խնդիր է եղել, դա հույս է ներշնչում, որ հասկանում են ինչ անել, որ չկրկնվի»։
Սա պաշտպանական համակարգ է։ Խնդիրը չի եղել բոլոր այն կայքերում, որոնք պաշտպանվել են այլ միջոցներով։ Պապոյանն ասում է՝ յուրաքանչյուր կայք կարող էր կտրվել Քլաուդֆլեյրի ցանցից ու դառնալ հասանելի ընթերցողների համար։ Բայց այդպիսով նա հասանելի էր դառնալու նաև վտանգներին։
«Մի 2 շաբաթ առաջ էլ էսպիսի մի խնդիր էր եղել Microsoft Azure-ի հետ, որը նույնպես խոշոր ենթակառուցվածք է։ Էլի համաշխարհային ինտերնետի մի զգալի հատված պարալիզացվել էր։ Պարբերաբար էսպիսի բաներ լինում են․ ՄԵՏԱ-ն ինչ-որ պահ չէր աշխատում, Ֆեյսբուքն ու Ինստագրամը՝ էս տարվա ընթացքում։ Մենք սովորել ենք, որ դրանք պետք է անընդհատ գործեն, բայց պիտի հասկանանք նաև, որ գործ ունենք տեխնոլոգիաների, սարքերի հետ, և ինչ-որ խափանումներ պարբերաբար կարող են լինել»։
Այլ կերպ ասած՝ կայքերի մեծամասնությունը ուղիղ կախում ունի նման խոշոր ընկերություններից։ Նրանցից անկանխանալ հնարավոր է, սակայն դա էլ իր գինն ունի։
«Դա թանկ արժե, և այն որակը, այն պայմանները, որ Քլաուդֆլեյրն է տալիս՝ շատ հաճախ լրիվ անվճար, ինչ-որ դեպքերում՝ շատ փոքր գումարով, դրան համարժեք պաշտպանություն կամ հնարավոր չէ ստանալ, կամ դա կարժենա այնքան թանկ, որ դժվար է անգամ պատկերացնել»։
Ուստի պետք է ընդունել, որ այս ընկերություններն են, որ ապահովում են բարձր որակ՝ երբեմն հասարակությանը փոքր ու մեծ սթրեսի ենթարկելու գնով։ Սակայն նման դեպքերում չպետք է անհանգստանալ․ ինտերնետը չի պայթի։
«Ինտերնետը գրեթե հնարավոր չէ ոչնչացնել։ Ասենք՝ եթե ատոմային պատերազմ լինի, կմնան տառականները և ինտերնետը»։
Խափանումից կարճ ժամանակ անց ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են մոտ 3 %-ով։ Մարդիկ, որոնք կորցրել են հասանելիությունը աշխարհում գոյություն ունեցող կայքերի 20 %-ին, այդ թվում՝ X-ին, ChatGPT-ին և այլն, գուցե ունեցել են ապոկալիպտիկ պատկերացումներ համացանցի ոչնչացման մասին։ Սակայն փորձագետներն ասում են՝ սա ընդամենը տեխնիկա է, որը նաև խափանվում է։ Եվ դա նորմալ է։




