
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` նոյեմբերի 18-ին, ժամը 11։30-ին, հայտնում է «Արմենպրես»-ը։
Այդ մասին նախօրեին դատական նիստի ավարտից հետո հայտնել են Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ նշելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեջ։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։




