
Ֆրանսիական RFI ռադիոկայանը հայտնում է, որ Նեթանյահուի կառավարությունը մտադիր է փակել բանակի ռադիոն` «Գալեյ ՑԱՀԱԼ»-ը, իշխանության նկատմամբ քննադատական մոտեցումների պատճառով։
Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ այն բանակի և զինվորների նկատմամբ թշնամական կարծիքներ է հայտնում։
«Գալեյ ՑԱՀԱԼ»-ը Իսրայելում մեծ հեղինակություն ունի։ Այն գործում է պետության ստեղծման առաջին տարիներից։ Ռադիոկայանի հետ գործակցում են ինչպես պարտադիր զինծառայության մեջ գտնվող իսրայելացիները, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Հանրային և ռազմական այս լրատվամիջոցը նախատեսվում է փակել մարտ ամսին։
Ռադիոկայանի տնօրինությունը նախարարի այս որոշումը որակել է որպես «ցավալի եւ դրամատիկ հարված ժողովրդական բանակին, իսրայելական հասարակությանը եւ ժողովրդավարական պետության մեջ մամուլի ազատությանը»։
«Գալեյ ՑԱՀԱԼ»-ը Իսրայելի պետական ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներից մեկն է «Կան» հեռուսատառադիոհոլդինգի հետ միասին։
Նախկինում Իսրայելի վարչապետը փորձել էր մասնավորեցնել «Կան»-ը` նկատի ունենալով, որ այն քննադատական վերաբերմունք ունի իր կառավարության եւ իշխանության նկատմամբ։
Կնեսետում ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը սոցիալական ցանցերում դատապարտել է «Գալեյ ՑԱՀԱԼ»-ը փակելու որոշումը` նշելով, որ դա «քննադատությունից վախեցող կառավարության քայլ է»։
Իսրայելի լրագրողների միությունը, իր հերթին, հայտարարել է, որ կպայքարի պաշտպանության նախարարի «վնասակար» որոշումը չեղարկելու համար։




