
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Եթե դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէր լինի նաև հրեաների հոլոքոստը և այդ մտածելակերպը չէր շարունակվի նաև մեր օրերում, ասում է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Ազգությամբ քուրդ Բայդեմիրը Հայաստան այցի շրջանակներում եղել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, ցեղասպանության թանգարան –ինստիտուտում, որը, նրա խոսքով, մարդկային խղճի կենտրոնն է:
Լինել Հայաստանում, Ցեղասպանության թագարան- ինստիտուտում, այցելել Հանրային ռադիոընկերություն. տարիներիս երազանքն իրականություն դարձավ, արդեն Երեւանում ասում է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ ազգությամբ քուրդ Օսման Բայդեմիրը:
«Երևանում լինելը և այս օդն ու մթնոլորտը վայելելն ինձ համար երազանք էր, որն այսօր արդեն ի կատար է ածվել: Շատ հուզված եմ: Այժմ իմ մի մասնիկը 1915 թվականին կատարվածում է, մի մասնիկը՝ Քոբանիում, Սասունում: Ես ամենուր եմ հիմա, մտքով»:
Դիարբեքիրից Հայաստան ժամանած պատվիրակությունն իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերրի հիշատակին, այցելել ցեղասպանության թանգարան –ինստիտուտ: Օսման Բայդեմիրը նշում է, որ հուշահամալիր այցելելիս հասկացել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է առերեսվի իրականության հետ և դառնա իրենց պայքարի մի մասնիկը։ Ցեղասպանության հուշահամալիրը մարդկային խղճի կենտրոնն է, իսկ պատմությունից փախչելը՝ վախկոտություն:
«Ինչպե՞ս կարող է մարդը սպանել հղի կին կամ երեխա։ Մարդու ուղեղում չի տեղափորվում, որ պետությունը սպանությունը կարող է գաղափարախոսություն դարձնել իր հասարակության մեջ»։
Օսման Բայդեմիրի խոսքով՝ երբեք չեն կարող կառուցել արդարություն, եթե չընդունեն իրականությունը և հենց դրամ համար էլ 1915 թվականին տեղի ունեցած դաժանությունները պետք է հիշեն, որ կարողանան հասնել ինչ- որ արդյունքի:
«1915-թվականի մտածելակերպն ու գաղափարախոսությունը շարունակվում է նաև մեր օրերում՝ Քոբանիում 100 հազարի հասնող քուրդ է տեղահանվել, Շանգալից մեկ գիշերում տարհանվել է 200 հազար քուրդ, իսկ այս ընթացքում 2000 կին վաճառվել է սև շուկայում: Բայց հուսալի արդյունքներ էլ են ստեղծվում այս ընթացքում , որովհետև այն տարածքներում, որտեղ այժմ ընթանում են հակամարտություններ, համատեղ ճակատ է ստեղծվել։ Այս ջանքերը պետք է համատեղ ուժեղացնել: Նոր ապագան և համատեղ խաղաղ ապրելը հնարավոր է, սակայն պետք է աշխատանքեր տարվեն այս ուղղությամբ»:
Որպես քուրդ ժողովրդի զավակ Օսման Բայդեմիրը նշեց նաև, որ պարտավոր էր լինել Հայաստանում: Դիարբեքիրից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Հանրային ռադիոյում, ծանոթացել քրդերեն հաղորդումների բաժնի աշխատանքներին:
«Երեւանի ռադիոն քրդերեն հաղորդում հեռարձակած առաջին պետական ռադիոն է: Երբ սկսվեցին հաղորդումները, քրդական մշակույթն ու երաժշտությունն արգելված էին: Երեւանի ռադիոյի ստեղծած կամուրջը կենսական աղբյուր էր քուրդ ժողովրդի համար: Եվ այսօր հերթը մերն է, ուզում ենք անցյալում տեղի ունեցած ողբերգությունների սպիները մեղմացնող քայլեր ձեռնարկել»:
Այդ քայլերից մեկն էլ Օսման Բայդեմիրը համարում է Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը , որով, նրա ձևակերպմամբ, փորձում են վերանորոգել նաև թուրքերի խիղճը: Քուրդ ակտիվիստ Նուրջան Քայանն էլ է կարծում, որ եթե դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէին լինի մյուս ցեղասպանությունները: Սական նշում է. պատմությունը հետ բերել չեն կարող և դժվար է կանխատեսել, թե ինչպես կդասավորվեր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կյանքը, եթե չլիներ հայոց ցեղասպանությունը։
Մի բան հստակ է՝ եղել է ցեղասպանություն և այն իրականացրած պետության մեջ սպանելու գաղափարը դարձել է գերիշխող. «Եթե այսօր այդ երկրում շարունակվում է սպանվել Հրանտ Դինքն ու Սևակ Բալուկչին, եթե կա դեռևս չլուծված քրդական հարց՝ նշանակում է, որ այդ երկրում շարունակվում է տիրապետող լինել մեկ մշակույթ, մեկ կրոն, մեկ ազգ գաղափարը»։




