ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների նախաձեռնած մեդիային նվիրված աշխատաժողովը

Բարձրագույն դատական խորհուրդը շվեդ գործընկերների հետ համատեղ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող  «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների համար երկօրյա աշխատաժողով է նախաձեռնել:

«Դատական իշխանության և ԶԼՄ-ի միջև հաղորդակցության բարելավման վերաբերյալ ԶԼՄ-ների արդյունավետ ներգրավման ռազմավարությունները» խորագրով աշխատաժողովը մեկնարկել է ԲԴԽ անդամ, վերոնշյալ ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ Երանուհի Թումանյանցի և ծրագրի համակարգող, ավագ դատավոր Բյորն Լինդենի ողջույնի խոսքով: 

Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու և ծրագրի ղեկավար Լինա Վալլենբերգն արդյունավետ քննարկում է մաղթել՝ ընդգծելով մեդիայի կարևորությունը դատական իշխանության գործունեության լուսաբանման գործում:

Ավագ դատավոր Պատրիկ Ալմը և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հաղորդակցման մասնագետ Յենս Մեթթսոնը ներկայացրել են դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացման շվեդական փորձը, պատասխանել լրագրողների հարցերին: 

Լրագրողները հիմնականում հետաքրքրվել են դատավարական գործընթացներին ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության թույլատրելի կանոններով, դատավորի՝ հրապարակային խոսքի լուսաբանման առանձնահատկություններով և հասարակություն-լրագրողներ-դատարան հաղորդակցման առավել հաջողված ձևերի տեղայնացման հնարավորություններով: 

Լրագրողները ԲԴԽ անդամներից, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից պարզաբանումներ և մանրամասներ են խնդրել Դատական դեպարտամենտի և դատարանների հետ հաղորդակցման կատարելագործման ուղղությամբ, էլեկտրոնային արդարադատության համակարգի գործարկման, դատարաններում լրագրողների աշխատանքային պայմանների և դատական գործերի որոնողական համակարգի վերաբերյալ: 

Տարբեր առաջարկներ են հնչել Դատական դեպարտամենտի և դատարանների հետ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:

Աշխատաժողովին մասնակցող հայ դատավորները ներկայացրել են դատավարական գործընթացին վերաբերող և դրան  հաջորդող իրադարձությունների լուսաբանման վերաբերյալ իրենց մոտեցումները: 

Աշխատաժողովի վաղվա օրակարգում է ԲԴԽ որոշմամբ ընդունված լրագրողների հետ արդյունավետ հաղորդակցմանն առնչվող  կարգը, դատական իշխանության լուսաբանման մասին  իրականացված վերլուծության արդյունքներն ու մի շարք մասնագիտական հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button