ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ծնելիություն առանց տարիքային սահմանափակման. փոխվում է վերարտադրողական քաղաքականությունը

Առողջապահության նախարարությունն առաջարկում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը։ Այս հարցով՝ մարդու իրավունքների պաշտպանն է դիմել Սահմանադրական դատարան։ Նա Սահմանադրությանը հակասող է համարել մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակումը։

Առողջապահության նախարարությունը վերացնում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը։ Նոր փոփոխություններով՝ կանանց կամ զույգերի համար այլևս չի սահմանվի տարիքային շեմը, որը նախկինում սահմանափակում էր երեխա ունենալու հնարավորությունը։

Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյան․ «Ուսումնասիրել ենք և տեսել ենք, թե ինչքան մարդ է մեզ դիմում տարիքի հետ կապված։ Եվ 55-ը սահմանվել է հենց դրա համար, և այդտեղ հաշվի է առնվել երեխայի լավագույն շահը»։

ՄԻՊ-ը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային խտրական սահմանափակման վերաբերյալ բողոք-նամակ էր ստացել երեք քաղաքացուց։ Նրանք պահանջել են հանել այդ արգելքը։ Այս հիմքով՝ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ։

2025-ի ապրիլին որոշվեց մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակումը ճանաչել անվավեր և Սահմանադրությանը հակասող։ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծի կարգավորումներով, որոնք քննարկվում են ԱԺ-ում, բոլոր դրույթները համապատասխանեցվում են Սահմանադրությանը։

Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյան․ «ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումն ապահովելու համար մշակվել է սույն օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքի 12րդ հոդվածի առաջին մասի առաջին և երկրորդ կետերից հանվել են վերարտադորաղական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները՝ կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը։ Ի կատարումն վերոնշյալ պահանջի՝ մշակվել է վերոնշյալ օրենքը»։

Գործող կարգավորումներով՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունի գրանցումով ամուսնացած զույգը՝ կնոջ և ամուսնու փոխադարձ համաձայնության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է, ինչպես նաև նույն տարիքային խմբի՝ գրանցումով չամուսնացած տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը կարծում է, որ այդ փոփոխությամբ՝ մարդու իրավունքները հարվածի տակ են դրվելու։ Նա օրինակով է ներկայացնում իր համոզմունքը․

«Ենթադրենք 75 տարեկան զույգը ցանկություն է հայտնում երեխա ունենալու։ Ի՞նչ եք անելու։ Պետք է գումար ծախսեք իրենց վրա․ բա հետո՞»։

Փոխնախարար Արմեն Գասպարյան․ «Նախ՝ դա պետպատվերի շրջանակում չի արվելու, երկրորդ՝ այո՛, մենք էլ ենք մտահոգված այդ խնդրով, որ տարիքային սահմանափակում չկիրառելու դեպքում ինչ է լինելու։ Գլխադասային հանձնաժողովում քննարկել ենք, որ երևի պետք է առողջական սահմանափակումներ մտցնել, որպեսզի տարիքային այդ շեմը կարողանանք իջեցնել»։

Ինչո՞ւ էին այդ սահմանափակումները մտցվել, և հիմա դրանք վերացնելու դեպքում որո՞նք են հնարավոր վտանգները։ Այս հարցն էր մտահոգում «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանին։ Տարիքային սահմանափակումն ուժի մեջ է մտել 2021-ին։ Երբ խորհրդարանը քննարկում էր օրենսդրական այդ փոփոխությունը, առողջապահության նախարարությունը վստահեցնում էր, որ դրա նպատակը որակյալ բժշկական օգնություն ու ծառայություններ ապահովելը և գործընթացն ավելի վերահսկելի դարձնել է։ Այդ ժամանակ նաև նշվում էր, որ տարիքային շեմ սահմանելը հիմնավորված է նրանով, որ բարձր տարիքում վերարտադրողականությանը, հղիությանն ու ծննդաբերությանն առնչվող առողջապահական ռիսկերն են մեծանում։ Բացի այդ կային նաև երեխայի իրավունքների խնդիրներ։

«Ենթադրենք՝ 70 տարեկան կինն ուզենա երեխա ունենալ սուրոգատ մոր օգնությամբ։ Եվ այստեղ խնդիր է առաջանում երեխայի շահի հետ կապված։ Այդ կինն արդեն տարեց է, և ի՛նքն ունի խնամքի կարիք։

Միգուցե պետք է վերահսկողական լծակներն ավելացնել այն մարմինների, որոնք երեխայի համար պարտավորված կլինեն ապահովելու կյանքի լավագույն միջոցներ»։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն Առողջապահության նախարարությանն առաջարկեց վերանայել ոլորտի օրենսդրությունը նման խտրական սահմանումներից ազատվելու համար և իրացնել պարտավորությունները բոլոր քաղաքացիների նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button