
Կենտրոնական Ուգանդայում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային վթար․ երկու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով 46 մարդ է զոհվել։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի գիշերը՝ ժամը 00:15-ին, Կամպալա-Գուլու մայրուղու վրա գտնվող Կիտալեբա գյուղի մոտ։ Ոստիկանության հաղորդմամբ՝ բախվել է չորս մեքենա՝ երկու տարբեր տրանսպորտային ընկերությունների Isuzu ավտոբուս, բեռնատար և Toyota Surf։
Նախնական քննությամբ պարզվել է, որ ավտոբուսների վարորդները միաժամանակ փորձել են առաջ անցնել մյուս մեքենաներից՝ դուրս գալով հանդիպակաց գոտի, ինչն էլ դարձել է բախման պատճառ։ Վթարի հետևանքով ավտոբուսները մի քանի անգամ շրջվել են, առաջացնելով շղթայական բախում։
Տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, իսկ զոհվածների մարմինները՝ դիահերձարան նույնականացման համար։ Ոստիկանությունը շարունակում է վթարի հանգամանքների քննությունը։




