
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հաստատել է մի բանաձև, որը նախատեսում է Պաղեստինի պետության ստեղծման ուղղությամբ «կոնկրետ և անշրջելի քայլեր»՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա՝ առանց Համասի։
Փաստաթուղթը ամրագրում է հուլիսին ընդունված Նյու Յորքի հռչակագիրը և կոչ է անում ազատ արձակել բոլոր պատանդներին՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորման կողմից հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումը։
Բանաձևին կողմ են քվեարկել 142 երկիր՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասը։ Դեմ են եղել Իսրայելը և Միացյալ Նահանգները, ինչպես նաև Արգենտինան, Հունգարիան, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Պապուա Նոր Գվինեան, Պարագվայը և Տոնգան։ Տասներկու երկիր ձեռնպահ է մնացել։
Արաբական լիգայի երկրների աջակցությունը ստացած հռչակագիրը պահանջում է, որ Համասը դադարեցնի իր կառավարումը Գազայի հատվածում և զենքը հանձնի Պաղեստինի վարչակազմին։ Փաստաթուղթը նաև կոչ է անում «համատեղ գործողություններ» ձեռնարկել պատերազմը դադարեցնելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումն ապահովելու համար։
Քվեարկությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ Էր Ռիադի և Փարիզի համատեղ նախագահությամբ: Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ արդեն հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու իրենց պատրաստակամության մասին:
Իսրայելն այս քաղաքականությունն անվանել է «ահաբեկչության համար պարգև»՝ ավելի ու ավելի կոշտացնելով Պաղեստինի ստեղծման դեմ իր հռետորաբանությունը: Սեպտեմբերի 11-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ «կանխելու Պաղեստինի պետության ստեղծումը»։




