ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պետական բուհերում 25 մասնագիտություն ոչ մի առաջին կուրսեցի չի ունենա․ հակառակ գործադիրի ջանքերին՝ «ամենամերժվածը» Ագրարային համալսարանն է

Չորս տարի հետո Հայաստանում չեն լինի օգտակար հանածոների հարստացման, մեքենասարքավորումների ճարտարագիտության, պարենամթերքի տեխնոլոգիայի, ագրոէկոլոգիայի, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, թատերագիտության, մեխանիկական համակարգերի համակարգչային նախագծման նորավարտ մասնագետներ․ պետական բուհերում այս ու ևս 18 մասնագիտության լսարաններ սեպտեմբերի 1-ին չեն բացվի։

Ոչ մի դիմորդ չի ընտրել թվարկվածները ո՛չ ընդունելության հիմնական, ո՛չ լրացուցիչ փուլերում՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը․

«Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում մետալուրգիա մասնագիտությունն է թափուր մնացել, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը, Մանկավարժական համալսարանում՝ գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությունը, Գորիսի պետական համալսարանում՝ կենսաբանություն և էլեկտրաէներգետիկա մասնագիտություններն են, Գավառի պետական համալսարանում՝ կենսաբանություն, աշխարհագրություն, բնապահպանություն և բնօգտագործում, դեղագործական քիմիա, քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտություններն են, Ագրարային համալսարանում ՝ մեքենա սարքավորումների ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոէկոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա և անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտություններն են։ Ընդհանրապես, առաջին կուրսեցի չունեն այս մասնագիտությունները»։

Թեև ԳԹԿ–ն դեռ վերլուծություն չունի, թե վերջին մի քանի տարում ինչպես է փոխվել դիմորդների շարժը, Խաչանուշ Գրիգորյանն ասում է՝ միտումները նույնն են, մայրաքաղաքի բուհերից ամենաշատ թափուր տեղերը Ագրարային համալսարանն ունի․

«Փոքր-ինչ պատկերը փոխվում է, օրինակ, այն դեպքում, երբ  հրապարակում ենք նախորդ տարվա անցումային միավորները, և դա որոշ չափով ուղղորդում, կողմնորոշում է դիմորդներին։ Այսինքն՝ եթե դիմորդը տեսնում է, որ անցյալ տարի որևէ մասնագիտության անցումային միավորը բավական ցածր է, իր շանսերը բարձր է գնահատում, մտածում է, որ ինքը ցածր արդյունքներով գուցե և ընդունվի, բայց, բնականաբար, միայն ինքը չի տեսնում դա։Եվ շատ դիմորդներ դիմում են հենց այդ մասնագիտության համար, ու ստացվում է, որ մրցույթն ավելի խիստ է լինում»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծում է, որ 2025-26 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր մնացած տեղերի թիվը հինգ անգամ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից․

«Եթե 2024  թ. թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է։ Ընդ որում, անվճար թափուր տեղերի կամ պետության կողմից փոխհատուցում ստացող մասնագիտությունների թափուր տեղերի թիվը ընդամենը 210 է»։ 

Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը կառավարության հետևողական աշխատանքի արդյունքն է։ Այսպես, պետբյուջեից տրամադրվող ֆինանսավորման կեսից ավելին ուղղվում է բնագիտամաթեմատիկական ոլորտի մասնագիտություններին։ Նախորդ տարվանից գործադիրը ռազմավարական ուղղություն է սահմանել նաև գյուղատնտեսությունը։  

«Կրթաթոշակի ծրագրին միացան նաև ագրարային ուղղության մասնագիտությունները, և հիմա նաև մագիստրատուրայի ընդունելությունից հետո մենք կհրապարակենք վերջնական ամփոփ արդյունքները` բակալավրիատի և մագիստրատուրայի։ Արդեն դրական ուղղվածություն ունենք և տեսնում ենք, որ աճում է դիմելիությունը, աճում է նաև այս ուղղություններով սովորողների թիվը»։

«Ռադիոլուր»-ը նախորդիվ զրուցել էր պետության համար առաջնահերթ մասնագիտություններն ընտրած առաջին կուրսեցիների հետ։ Ագրարային համալսարանի՝ անասնաբուժության ֆակուլտետի անասնաբուժական սանիտարական փորձաքննության բաժնի միակ առաջին կուրսեցի Արեն Ղահրամանյանին չի մտահոգում, որ կուրսում միակն է, մասնագիտությունը պահանջված է գնահատում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, քանի որ միակն է, որ պատասխանատու է որակյալ մսամթերքի ու կենդանիների պահման պայմանների համար, բայց նաև նկատում է, որ երիտասարդներին այդ ոլորտն այնքան էլ չի հետաքրքրում․

«Հիմիկվա երիտասարդությունը ընտրում է իրավագիտություն կամ տնտեսագիտության ոլորտից մասնագիտություններ։ Երբ արդեն եկավ այն փուլը, երբ պիտի ընտրություն կատարեի մասնագիտության, կոնկրետ իմ շրջապատը խրախուսեց իմ որոշումը։ Ես կրթաթոշակի համար չեմ ընտրել այս ոլորտը, բայց միևույն ժամանակ շատ եմ կարևորում կրթաթոշակները։ Դա արվում է նրա համար, որ կա պահանջարկ, բայց մասնագետները քիչ են, դա ավելի կխրախուսի մեզ՝ ուսանողներիս»։

Թեև անասնաբուժական սանիտարական փորձաքննության մասնագիտությունն ընտրած ուսանողները կառավարության որոշմամբ ստանում են ամսական 70-77 հազար դրամ կրթաթոշակ, այս տարի բաժինը չունի առաջին կուրսեցի։ Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ թափուր մնացած տեղերի հիմնական պատճառն այն է, որ այլևս չի գործում ընդունելության մեկ քննությամբ կամ առանց քննության ընդունվելու նախկին պրակտիկան․

«Վերջին երկու–երեք տարվա կտրվածքով, եթե նայենք, շատ բան չի փոխվել, էլի նույն պատկերն է, բայց նախկինում մի փոքր ավելի լավ էր պատկերը, որովհետև շատ մասնագիտությունների դիմորդներ հնարավորություն ունեին մեկ քննությամբ ընդունվելու, անգամ Ագրարայինում ունեինք տեղեր, որտեղ առանց քննության տեղեր կային։ Հիմա, երբ դարձավ առնվազն երկու քննություն, էդ մասնագիտություններով հիմնականում սկսում են դիմել թույլ դիմորդներ, և իրենց համար 2 քննության դրական հաղթահարելը հեշտ չէ»։

Այն դիմորդները, որոնք, օրինակ, Ագրարային համալսարան ընդունվելու համար պետք է քննություն հանձնեն մաթեմատիկայից, նախընտրում են նույն քննությամբ ընդունվել, օրինակ, ծրագրավորման կամ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ, քանի որ դրանք ավելի եկամտաբեր ու գրավիչ են երիտասարդների համար՝ նկատում է Սերոբ Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ խնդիրը լուծելու համար գործադիրը երկու քայլ պետք է անի․

«Մեկը դպրոցական կրթության որակի բարձրացումն է, որովհետև շատերը նաև էսօր չեն դիմում կամ դիմում են, չեն հաղթահարում, որովհետև բազա չունեն, դպրոցում նորմալ չեն սովորել և չեն կարողանում հաղթահարել։ Երկրորդն էլ այն է, որ պետք է հնարավորինս բարձրագույն կրթությունը դարձնել մատչելի, շատերն էլ չեն դիմում այդ պատճառով»։

Պետական բուհերում թափուր տեղեր մնալուն զուգահեռ՝ վերջին տարիներին մեծացել է դիմորդների հետաքրքրվածությունը մասնավոր բուհերի նկատմամբ՝ ասում է կրթության փորձագետը։ Պատճառն այն է, որ դրանք արտերկրում ուսումը շարունակելու ավելի լայն հեռանկարներ են բացում՝ մանրամասնում է Սերոբ Խաչատրյանը՝ վերապահումով խոսելով բուհերում միջավայրի մասին․

«Շատ լավ սովորողներ չեն ուզում այդ միջավայրի մեջ ընկնեն, չեն ուզում սովորել մի բուհում, որտեղ, ասենք, կուրսի կեսը նորմալ դասի չի գալիս, նորմալ չի սովորում։ Ուզում են գնալ այն բուհեր, որտեղ սովորելու միջավայրը ավելի բարենպաստ է, իսկ այդ իմաստով և՛ Ամերիկյանը, և՛ Ֆրանսիականը, և՛ արտասահմանի բուհերը ավելի բարվոք են»։

Այս տարի պետական և մասնավոր բուհերում հատկացված է եղել 2․142 անվճար և 9․984 վճարովի տեղ։ Մրցութային հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է 10․970 դիմորդ, նրանցից ավելի քան 1․100-ը՝ լրացուցիչ փուլով։ Ամենաշատ առաջին կուրսեցիներն ունեն Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Ազգային պոլիտեխնիկական համալսարանները։

Կարդացեք նաև

Back to top button