
Կկայանա արդյո՞ք Պուտին-Զելենսկի հանդիպումը․ Ալյասկայի ու Վաշինգտոնի հանդիպումներից հետո հարցը միջազգային մամուլի առանցքային թեմաներից է։ Վերլուծությունները տարբեր են, կանխատեսումները՝ նույնպես։ Քաղաքական ու փորձագիտական հարթակներում թեև զգուշավոր լավատեսություն կա, բայց որևէ սցենար չի բացառվում։
Ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման դեպքում Կիևը ստիպված կլինի հրաժարվելու Ղրիմից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։ Նա կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը հոգնել է պատերազմից, բայց չի էլ բացառում, որ Պուտինը չի համաձայնի գործարքի։
ԱՄՆ նախագահը լավատեսորեն է տրամադրված ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու համաձայնագրի հնարավոր կնքման հարցում։ Սակայն դրա համար, ինչպես Fox News-ին ասել է Սպիտակ տան ղեկավարը, Կիևը ստիպված կլինի հրաժարվելու Ղրիմը վերադարձնելու հույսից և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու ցանկությունից։
Կիևի անվտանգության երաշխիքների մասին խոսելիս Թրամփը վստահեցրել է, որ Եվրոպան կօգնի, սակայն Միացյալ Նահանգները զորք չի տեղակայի Ուկրաինայում:
«Անվտանգության հարցում մեծ օգնություն կլինի, շատ օգնություն կլինի։ Դա լավ է։ Նրանք պաշտպանության առաջին գիծն են, քանի որ այնտեղ են, նրանք Եվրոպան են, բայց մենք նրանց կօգնենք։ Մենք կներգրավվենք»։
Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն հայտնվի, նա պատասխանել է, որ դրա երաշխիքն իր նախագահ լինելու հանգամանքն է:
Թրամփը կարծում է, որ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ պետք է սպասել նախագահ Պուտինից։ Հնարավոր է՝ վերջինս չցանկանա գործարք, բայց այդ դեպքում ստիպված կլինի բախվելու «դժվար իրավիճակի»՝ ասում է ԱՄՆ նախագահը՝ հույս հայտնելով, որ Զելենսկին էլ կանի այն, ինչ պետք է անի: «Նա նույնպես պետք է ճկուն լինի»,- ասում է Թրամփը Զելենսկու մասին։
Վաշինգտոնյան բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը փորձում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Տեղի կունենա՞ արդյոք Պուտին–Զելենսկի հանդիպումը։
«Միայն փաստը, որ Պուտինն ասում է՝ իհարկե կհանդիպեմ Զելենսկու հետ, արդեն ձեռքբերում է»,-ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անմիջապես հավելելով, որ դա չի նշանակում, թե հանդիպումից հետո Պուտինն ու Զելենսկին ընկերներ կդառնան։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սկսել երկկողմ, ապա եռակողմ հանդիպման նախապատրաստման հարցում։
Փորձագետներն ասում են, որ բանակցությունների ցավոտ հարցերից մեկն առնչվում է տարածքներին։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկից ու Լուգանսկից՝ դրա դիմաց խոստանալով չհարձակվել Խերսոնի և Զապորոժիեի ուղղությամբ: Սրանք Ուկրաինայի չորս շրջաններ են, որոնք մասամբ Ռուսաստանի վերահսկողության ներքո են 2022 թվականից:
Նախագահ Թրամփը խոսում է, այսպես կոչված, «փոխանակման» մասին՝ ակնարկելով, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել օկուպացված տարածքների մի մասը: Վաշինգտոն այցից առաջ նախագահ Զելենսկին հստակորեն նշել էր, որ մերժում է թե՛ նոր տարածքների հանձնումը, թե՛ օկուպացված ուկրաինական շրջանների ճանաչումը Ռուսաստանի կազմում: Կիևի դիրքորոշումն այն է, որ պատերազմը դադարեցվի առաջնագծում: Թրամփի հետ զրույցից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ տարածքների հարցը կթողնի Պուտինի հետ քննարկմանը:
Այս առումով փորձագետների գնահատականներն այդքան էլ լավատեսական չեն։
«Կարծում եմ, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը կողմերին ավելի չմոտեցրեց խաղաղության համաձայնագրին»,— DW-ին ասել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Շտեֆան Մայստերը։
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահը հետաքրքրված չէ խաղաղությամբ։ Ըստ նրա՝ Մոսկվան հետաքրքրված է ոչ թե Ուկրաինայի որևէ տարածքով, այլ ամբողջ Ուկրաինայով, իսկ Թրամփ-Պուտին հանդիպումը, վելուծաբանի գնահատմամբ, «ավելի շատ բավարարում է Թրամփի եսասիրությունը, քան նպաստում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը»։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ևս կարծում է, որ Պուտինն ավելի շատ հետաքրքրված է պատերազմի շարունակմամբ, քան խաղաղությամբ։
Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման տեղն ու ժամկետը դեռ հստակ չեն։ Որպես հավանական վայր խոսվում է Հունգարիայի և Շվեյցարիայի մասին, իսկ Գերմանիայի կանցլերը նշում է, որ դա հնարավոր է տեղի ունենա երկու շաբաթվա ընթացքում։




