
Հայաստանի վարչապետը համոզված է, որ Հնդկաստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցերի և շփումների միջոցով, նոր խթան կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացմանը։
Այս մասին է նա գրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում՝ շնորհավորելով Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ։
«Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր ժողովուրդների և պետությունների միջև կապը, համատեղ և արդյունավետ կերպով արձագանքելու համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին»,- նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում։




