
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ օգոստոսի 12-ի հայտարարությունում, կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը միջոցառման հաջող անցկացմանը։ Մոսկվայում Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մանրամասներ չեն հաղորդվել, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չի մեկնաբանել բանակցությունները։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է, որ գագաթնաժողովը կանցկացվի Ալյասկայի ամենամեծ քաղաքում՝ Անքորիջում, և հավելել, որ Դոնալդ Թրամփը հնարավոր է ապագայում այցելի Ռուսաստան։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Ալյասկայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սա կլինի նրանց առաջին հանդիպումը Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո։ Մինչ այդ նրանք վերջին անգամ տեսակապով զրուցել էին 2021-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահը Ջո Բայդենն էր։
ԵՄ առաջնորդները տարածել են հայտարարություն՝ ողջունելով խաղաղության հասնելու փորձերը, բայց շեշտելով, որ այն պետք է լինի արդար և երկարատև՝ հիմնված միջազգային իրավունքի, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների բռնի փոփոխությունների անթույլատրելիության վրա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Կիևը չի ընդունի «տարածքների փոխանակման» տարբերակը։
Ալյասկայի գագաթնաժողովից մեկ օր առաջ՝ օգոստոսի 13-ին, նախատեսվում է եվրոպացի առաջնորդների տեսակոնֆերանս Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ։




