ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո. Սթարմեր

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո, ուրբաթ օրը X-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մեր ամենամոտ դաշնակիցների հետ միասին աշխատում եմ տարածաշրջանում խաղաղության ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապանքներ կրող կյանքը։ Այդ ռազմավարությունը կներառի հրադադարը երկարատև խաղաղության վերածելու համար կոնկրետ քայլերը։ Պաղեստինի պետության ճանաչումը պետք է լինի այդ քայլերից մեկը։ Իմ դիրքորոշումն այս հարցում միանշանակ է», — ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, Սթարմերը հավելել է, որ Պաղեստինի ճանաչումը «պետք է լինի ավելի լայն ծրագրի մաս, որը, ի վերջո, կհանգեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետությունների համակեցության և «պաղեստինցիների և իսրայելցիների համար երկարատև անվտանգության» սկզբունքի վրա։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Սթարմերը չի ցանկանում շտապել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հարցում, որպեսզի չփչացնի հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը կոչ է անում ԱՄՆ դաշնակիցներին չճանաչել Պաղեստինը, քանի որ դա կբարդացնի Գազայի հատվածում հակամարտության կարգավորումը։

Պաղեստինյան պետության ճանաչման մասին կետը ներառված է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախընտրական ծրագրում, որը իշխանության է եկել 2024 թվականի հուլիսին։ Միևնույն ժամանակ, ծրագրում նշված չէ, թե երբ դա կարող է տեղի ունենալ։ Սթարմերը նախկինում ասել էր, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինը, երբ կլինի «հարմար ժամանակ» ։

Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Կարդացեք նաև

Back to top button