
Ֆրանիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարում է Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրության մասին։ Փորձագետները այդ որոշման տակ թաքնված հաշվարկներ են տեսնում։ Միևնույն ժամանակ Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հետ են կանչվել Գազայում զինադադարի հարցով բանակցություններից: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մեղադրել է ՀԱՄԱՍ–ին անկեղծ չլինելու և բանակցությունները ձախողելու համար։ ՀԱՄԱՍ-ին, սակայն, զարմացրել են Վաշինգտոնի այդ ձևակերպումները։ Պաղեստինյան խմբավորումը պնդում է, որ իրենց դիրքորոշումը ճանապարհ է բացում համապարփակ համաձայնության համար և այն ընդունվել է միջնորդների կողմից։
Փարիզը մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական հայտարարությունը քննադատության է արժանացել Իսրայելում։ Մակրոնը մտադիր է Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցերում:
«Խաղաղությունը հնարավոր է։ Այլընտրանք չկա։ Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Մեր՝ ֆրանսիացիների, իսրայելցիների, պաղեստինցիների և մեր եվրոպացի ու միջազգային գործընկերների հետ միասին պետք է ցույց տալ, որ դա հնարավոր է։ Հաշվի առնելով Պաղեստինի ինքնավարության նախագահի ստանձնած պարտավորությունները, ես նրան գրել եմ առաջ շարժվելու իմ վճռականության մասին։ Վստահություն, պարզություն և հանձնառություն։ Մենք կգրավենք աշխարհը»։
Էմանուել Մակրոնը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին գրած նամակում պարտադիր է համարում անհապաղ հրադադարը, բոլոր պատանդների ազատ արձակումը և Գազայի ժողովրդին մեծ ծավալով մարդասիրական օգնություն տրամադրելը։ Ֆրանսիայի նախագահը գրում է, որ պետք է երաշխավորել ՀԱՄԱՍ–ի ապառազմականացումը, Գազայի անվտանգությունն ու վերակառուցումը։ Նամակում Մակրոնը նաև տեղեկացվում է, որ Ֆրանսիան մտադիր է առաջ շարժվել Պաղեստինի ճանաչման հարցում և փորձելու է համոզել այլ երկրներին նույնպես միանալու այդ գործընթացին։
Եթե Մակրոնի մտադրությունն իրականանա, Ֆրանսիան կդառնա առաջին խոշոր արևմտյան երկիրը, որը կճանաչի Պաղեստինի պետությունը։ Մինչև այժմ նման որոշում ընդունել են հիմնականում Իսրայելի նկատմամբ քննադատական դիրքորոշում ունեցող երկրները։
Պաղեստինի ինքնավարությոն փոխնախագահ Հուսեյն Ալ Շեյխը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Մակրոնի որոշումը համարելով հավատարմություն միջազգային իրավունքին։
Ներկայումս Պաղեստինի պետությունը ճանաչել է 142 երկիր: Դրանց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Շվեդիան, Լեհաստանը: 2024 թվականին Պաղեստինի պետությունը ճանաչեց նաև Հայաստանի Հանրապետությունը։
Միևնույն ժամանակ, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան։
Թել Ավիվն ու Վաշինգտոնը խստորեն դատապարտել են Փարիզի դիրորոշումը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մակրոնի հայտարարությունը որալե; է որպես «պարգև ահաբեկչության համար»։ Նա համարում է, որ Ֆրանսիան Իսրայելը ոչնչացնելու հնարավորություն է ստեղծում։
«Պաղեստինցիները չեն ուզում Իսրայելի կողքը պետություն ունենալ, նրանք ուզում են պետություն Իսրայելի փոխարեն»,— ասել է Նեթանյահուն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես դատապարտել է Փարիզի այս ծրագիրը։
«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի պետությունը ճանաչելու ծրագիրը», — գրել է նա X-ում։ Ռուբիոն Մակրոնի որոշումը համարում է անխոհեմ, որը ծառայում է միայն ՀԱՄԱՍ–ի քարոզչությանը և խոչընդոտում խաղաղությանը։
«Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին», — գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Ֆրանս պրես» պարբերականը հրապարակել է ՀԱՄԱՍ–ի դիրքրոշումն այս հարցում։ Պաղեստինյան խմբավորումը Ֆրանսիայի որոշումը համարել է քայլ՝ ճիշտ ուղղությամբ և ողջունել այդ քայլը։
«Մենք սա համարում ենք դրական քայլ ճիշտ ուղղությամբ՝ ուղղված մեր ճնշված պաղեստինյան ժողովրդի համար արդարության վերականգնմանը և նրանց ինքնորոշման օրինական իրավունքի աջակցությանը»։
ՀԱՄԱՍ–ը աշխարհի բոլոր, հատկապես եվրոպական երկրներին կոչ է արել հետևելու Ֆրանսիայի օրինակին։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրը ԵՄ–ում և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց Իսրայելի վրա։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարձակմանը 1200 մարդ է զոհ գնացել, ավելի քան 250 մարդ գերեվարվել է և տեղափոխել Գազայի։ Պատանդներից մի քանիսը հետագայում փոխանակվել են կամ ազատ արձակվել։
Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ–ին։ Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողություններից և հրթիռակոծություններից, ըստ պաղեստինյան աղբյուրների սպանվել է ավելի քան 59,000 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 143,000 մարդ։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն, անդրադառնալով Մակրոնի որոշմանը, «Տելեգրամում» գրում է՝ եթե Մակրոնը սեպտեմբերին չճանաչի Պաղեստինի անկախությունը, ապա կստացվի, որ նրան դա անել արգելել է անել Թրամփը:
Մյուս կողմից, ըստ վերլուծաբանի, Մակրոնի հայտարարությունների լրջությունը վաղուց կասկածի տակ է միջազգային ասպարեզում:
«Հարց է առաջանում, թե ինչու՞, օրինակ, Փարիզը չի ճանաչում Պաղեստինը հիմա, այլ անոնսում է, որ կանի դա մոտ երկու ամիս անց: Արդյո՞ք դա նշանակում է, որ անոնսավորելով սեպտեմբերին ճանաչման մտադրությունը, Ֆրանսիայի նախագահը պարզապես հայտարարում է այդ մտադրության «աճուրդ», այն առավել բարձր գնով «վաճառելու» պատրաստակամությամբ:
Սա, իհարկե, դիտարկում է, ոչ պնդում: Տեսնենք, թե արդյո՞ք Փարիզը կճանաչի Պաղեստինը, ինչպես անոնսավորել է Մակրոնը: Եթե այո, ապա դա կլինի, իհարկե, վերջին տարիներին Ֆրանսիայի կայացրած թերևս բացառիկ լուրջ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը: Եթե ոչ, ապա հերթական անգամ ի ցույց կդնի աշխարհաքաղաքական ակումբում Ֆրանսիայի կամ առնվազն «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը»:
Վերլուծաբանը կարծում է, որ Ֆրանսիայի համար հարցը հրատապ է դարձել մերձավորարևելյան վերափոխումների համատեքստում: Փարիզը Մերձավոր Արևելքում էական կշիռ ու դեր ունենալու հնարավորություններ է փնտրում, և Պաղեստինը ճանաչելու հարցը դիտարկվում է այդ համատեքստում:
Մեկ տարի առաջ Պաղեստին պետությունը ճանաչեց նաև Հայաստանի Հանրապետությունը։ Երևանի այդ քայլը կոշտ քննադատության արժանացավ Իսրայելի կողմից։
Reuters-ը կադրեր է հրապարակել, թե ինչպես են սովամահության հասած բնակչության համար հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները մուտք գործում Գազա ։
Al Arabia-ն գրում է, որ մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված հնարավոր դարձավ Եգիպտոսի ղեկավարության ջանքերի շնորհիվ և ոչ թե բանակցությունների արդյունքում, որոնք ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը վարում են Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ։
Սովը, որպես պատերազմի զենք օգտագործելն ակնհայտ պատերազմական հանցագործություն է, ասում է«Save the children» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդրա Սայեհը․
«Այսօր Գազայում ապրող յուրաքանչյուր երեխա սովի վտանգի տակ է։ Եվ այն, ինչ մենք լսում ենք տեղից, սարսափելի հաղորդագրություններ են այն մասին, որ մարդիկ ստիպված են իրենց երեխաներին կերակրել ամեն ինչով՝ սկսած կենդանիների կերից, մինչև այն ամենը, ինչ կարող են գտնել։ Եվ ամբողջ Գազայի հատվածը սովի վտանգի տակ է»։
Միջազգային մամուլը տեղեկացնում է, որ խորհրդակցությունների նպատակով Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հետ են կանչվել Գազայում զինադադարի հարցով ՀԱՄԱՍ–ի հետ բանակցություններից:




