
Բյուրականի սարերում օրերս Սարոյանի շունչն էր թևածում։
«ՀանդԱրտում» բացօթյա ներկայացման պրեմիերա էր։ Բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը Սարոյանի «Խաղողի այգի» պատմվածքը վերածել էր կենդանի պիեսի՝ խորը մի ներկայացման, որը հիշեցնում էր՝ երբ կորցնում ես խաղողի այգին, միայն հող չէ, որ կորցնում ես։
Սարոյանի պատմվածքը Թորգոմյանների ընտանիքի մասին, որոնք ժամանակին Բիթլիսից գաղթել են, հասել Կալիֆորնիա ու խաղողի այգի հիմնել։ Այդ այգին դառնում է նրանց գոյության իմաստը։ Բայց երբ այգին օտարվում է բանկի կողմից, պարտքը չվճարելու պատճառով, այդ կորուստը դառնում է ոչ միայն նյութական, այլև հոգեբանական, որպես ինքնության կորուստի խորհրդանիշ։
Տիգրան Գյուլումյանի բեմադրությունը կինոյի ու թատրոնի միջև լարված ճոճանակ էր հիշեցնում, որը հանդիսատեսի ուշադրությունը պահում էր մինչև վերջ։ Անգամ էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումը չխաթարեց մթնոլորտը․ րոպեներ անց ներկայացումը շարունակվեց՝ առանց վարագույրի, առանց ձևականությունների։
Բեմադրիչը խոստովանում է՝ «Սարոյանին միշտ վախեցել եմ մոտենալ․ որքան պարզ է, այնքան էլ բարդ։ Պետք է կարողանալ հասցնել այն կարևոր տողատակերը, որ կան նրա ստեղծագործություններում»։

Ներկայացման մեջ գաղթական հայը ներկայացված է ոչ թե զոհի, այլ արժանապատիվ ապրող մարդու կերպարով։
«Վերջին շրջանում շատ հաճախ հայի տեսակը փնովում ենք, բայց սա մի պատմություն է, որտեղ հայը երազում է, հավատում է, պայքարում ու ուժ է տալիս իր ընտանիքին»,-ասում է ռեժիսորը։
Պապի՝ խաղողի այգին կորցնող, բայց հոգով հաստատուն Մակար Թորգոմյանի կերպարը մարմնավորում է Ալբերտ Սաֆարյանը։ Նրա կողքին են՝ թոռնիկ Մուրադը՝ 12-ամյա Արամե Սողոմոնյանի խաղով, և թոռնուհին՝ Էլեն Դանիելյանի մարմնավորմամբ, ինչպես նաև Արծրուն Հարությունյանի նորվեգացի հերոսը, որը գալիս է այգին Թորգոմյանների տուն։ Դերասանն ասում է, որ այս կերպարը միանգամայն տարբերվում է իր նախորդ դերերից․
«Սարոյանի բոլոր գործերը թվում է՝ պարզ են, բայց ներսում այնքան ցավ, ասելիք ու կարոտ կա։ Սարոյանը, չապրելով Հայաստանում՝ ինչպես էր զգում հայրենիքը, իր հայ տեսակը, ինչպես էր պահում այդ ամենը։ Նույնիսկ հայերեն չէր գրում, բայց ամբողջովին հայ էր»։
«Հայ մարդու տեսակը երբեք չի վերանա։ Սա էլ մարդասիրության մեծ դրսևորում է, որ հենց հայի տեսակից է գալիս»,-նշում է Արծրուն Հարությունյանը։
Սարգիս Չոլոյանը մարմնավորում է ընտանիքի ավագ որդուն, որի ուսերին է դրված ընտանիքը պահելու և խաղողի այգին չկորցնելու ողջ բեռը․
«Այս ընտանիքը արդեն երրորդ անգամ էր գաղթում։ Հոր կերպարը մի քիչ ավելի դրամատիկ է։ Նա մեծ ցավ է կրում։ Բերում է մի անծանոթ մարդու իր տուն ապրելու, բայց այդ նույն պահին վաճառում է տունը։ Սա ազնիվ հայի տեսակի մասին պատմություն է»։
Շաքե Թորգոմյանը, որը մարմնավորում է թոռնուհուն, ասում է՝ Մի տեսարան կա, որտեղ ամեն անգամ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Երբ տունը պետք է լքենք, հավաքում ենք ճամպրուկները ու դուրս ենք գալիս, պապիկը հանկարծ հիշում է, որ մոռացել է վերցնել Բիթլիսի նկարը ու վազում է հետևից։ Այստեղ ասելիքը շատ էր։ Բիթլիս քաղաքը մեր սրտում ու հոգում է, բայց պետք էր ֆիզիկապես զգալ՝ նկարի միջոցով։ Ու պապիկը այդ նկարը կորցնելուց ավելի շատ բան կկորցներ, քան տունը կորցնելուց»։

Այս ներկայացումը ոչ միայն Սարոյան է, այլև Բիթլիս, հայրենիք, կարոտ, և փոքրիկ տղայի աչքերով՝ ապագա։ Ներկայացումը ավարտվեց, բայց Սարոյանը մնաց։ Խաղողի լքված այգին վերածվեց մի բանի, որը հնարավոր չէ կորցնել։ Հողը կարող ես կորցնել, այգին էլ, բայց հիշողությունը՝ ոչ։
Եվ մինչև հանդիսատեսը լուռ հեռանում էր Բյուրականից, Սարոյանի հերոսները կարծես մնում էին այնտեղ՝ իրենց ձայներով, հայացքներով, ցավով ու երազանքով։




