ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը երկուշաբթի օրը ժամանել է Կիև՝ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցերը, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Պաշտպանություն, անվտանգության ամրապնդում, զենք, պատժամիջոցներ, մեր ժողովրդի պաշտպանություն, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդում՝ կան բազմաթիվ թեմաներ քննարկելու», — գրել է Անդրեյ Երմակը Telegram-ի իր էջում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը երեկոյան իր ելույթում հայտնել է, որ զինվորական հրամանատարներին հանձնարարել է Քելոգին տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի հնարավորությունների և Ուկրաինայի հեռանկարների մասին։
Նա նաև հավելել է, որ Քելոգը կհանդիպի Ուկրաինայի անվտանգության ծառայության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ։
«Հետագա աջակցության վերաբերյալ բանակցություններ տեղի կունենան շաբաթվա ընթացքում»,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ցանկանում է, որ Միացյալ Նահանգները լիովին հասկանա, թե ինչ կարելի է անել՝ «պարտադրելու Ռուսաստանին խաղաղություն կնքելու համար»։
Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ, քանի որ դրանք անհրաժեշտ են ռուսական հարձակումները հետ մղելու համար։




