
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կարծում են, որ երկրում բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման համար աննպատակահարմար են տնտեսական օրենսդրության հաճախակի փոփոխությունները, կարեւոր է մասնավոր սեփականության պաշտպանվածությունը, պետք է հարգել լիարժեք ազատական շուկայի ընձեռած հնարավորությունները, պիտի լինի բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, պիտի ապահովվի անհրաժեշտ վարկանիշ։
«Մենք՝ որպես գործարարներ, պետք է նախաձեռնող և ակտիվ լինենք պետության հետ արդյունավետ երկխոսություն ծավալելու առումով։ Մեր ոլորտների, գործարարությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը, պետական պատկան մարմիններին ներկայացումն ու դրանց լուծումներին հետամուտ լինելը պետք է դառնան մեր հետևողական աշխատանքի բաղադրիչ»,- ՀՀ կառավարություն-գործարար համայնք ձևաչափով Դիլիջանում կայացած աշխատաժողովի արդյունքներին նվիրված խորհրդինիստում ասել է միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Կարևորվել է ոչ միայն տնտեսական մարտահրավերների ու հիմնախնդիրների վերհանումը, այլև դրանց հաղթահարման տեսլականի կամ ստույգ լուծումների առաջադրումը։ Արսեն Ղազարյանը միության անդամ գործարարներին հորդորել է դրսևորել առավել նախաձեռնողականություն, գույքագրել իրենց բնագավառներում առկա խնդիրները, առաջարկել դրանց հաղթահարման ուղիները՝ այդ ամենը հավաքական կերպով կառավարություն-գործարար համայնք ձևաչափով հաջորդ հանդիպմանը ներկայացնելու համար։




