
Ազգային ժողովը հուլիսի 4-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկել է «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ Արծվիկ Մինասյանը, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին ու անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սեւանե ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը, կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ: Նա տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տեւական ժամանակ չեն արձանագրվել եւ դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել: Գլխավոր դատախազի խոսքով վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում խմբային շահերից ելնելով՝ Արծվիկ Մինասյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված իրավախախտումների հետեւանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու եւ այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց դրսեւորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ, միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ:
Նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը: Բնության հատուկ պահպանվող տարածքը տեւական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելիությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեւակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը: Միջնորդագրի մանրամասները` այստեղ:
Աննա Վարդապետյանը նշել է, որ Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում: «Միջնորդում եմ տալ համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ելույթի ավարտին նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հարցուպատասխանի ընթացքում Գլխավոր դատախազը մանրամասնել է միջնորդագրի որոշ դրույթներ, նշել, որ քրեական վարութը 2017 թվականից գոյություն ունի, վարույթի հաջորդ՝ ավելի ինտենսիվ քննության փուլը սկսվել է 2023 թվականից:
Ընդդիմադիր պատգամավորները գործն ապօրինի ու քաղաքական նպատակահարմարություն են դիտարկել, նշել, որ փաստերն արժանահավատ ու հիմնավոր չեն:
Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ Արծվիկ Մինասյանն իր ցուցմունքում նշել է, որ տեղեկացված է եղել, որ շինությունները կան, ենթադրել է, որ շինությունները կարող է համապատասխան լինեին ապագա ներդրումային ծրագրին եւ չի հերքել, որ Կառավարություն ներկայացրել է փաստաթուղթ, որի մեջ առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն: Աննա Վարդապետյանը, հարցերին ի պատասխան, հավելել է, որ մեր երկրում բնապահպանության նախարարներն ի պաշտոնե պարտավոր են ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող ռեժիմի պահպանումը: Ըստ նրա՝ տվյալ իրավիճակում Արծվիկ Մինասյանը կարող էր ներդրումային ծրագիր հաստատել, բայց իրականում վերջինս Կառավարություն է ուղարկել փաստաթուղթ, որով առանձնատունը, որը գոյություն ունի օբյեկտիվ իրականության մեջ, կեղծվել է եւ ներկայացվել է, որ չկա նման շինություն, դատարկ հողատարածք է եւ կարող է ներկայացվել ներդրումային ծրագրի համար: Բնապահպանության նախարարը, Աննա Վարդապետյանի խոսքով, պարտավոր էր մրցութային կարգով թափանցիկ կերպով ապահովել մրցույթի անցկացումը, մինչդեռ մրցույթի մասնակցել եւ հաղթող են ճանաչվել ապօրինի կառույցը կառուցած պաշտոնատար անձի հետ փոխկապակցված երկու անձինք:
«Պարզ է, որ բնապահպանության նախարարը չէր կարող շենքը կառուցել, չէր կարող շենքը կառուցելու թույլտվություն տալ, բայց կարող էր հետագա գործողություններով օրինականացնել, ինչը տվյալ դեպքում իրականացվել է՝ կեղծ տվյալներ ներկայացնելով Կառավարություն, որ կառուցապատում չկա, դատարկ հողատարածք է, եկեք ներդրումային ծրագիր իրականացնենք»,- նշել է Գլխավոր դատախազն ու հավելել՝ բնապահպանության նախարարը, իր լիազորությունները օգտագործելով, իրավական հիմքեր է ստեղծել՝ ապօրինի կառույցն առնվազն 25 տարի օրինական տիրապետելու համար:
Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ իրավական տեսակետից Գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով: «Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն»,- նշել է պատգամավորը: Նա գործին անդրադարձել է բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության համատեքստում: Արծվիկ Մինասյանը փաստել է՝ այն բոլոր պնդումները, թե իբր մրցույթը եղել է ձեւական, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ մրցույթն իրականացվել է՝ ըստ գործող կարգավորումների, որեւէ արգելք որեւէ անձի նկատմամբ չի եղել:
«Մեղադրանքը վերաբերելի չէ ինձ: 125 մլն դրամի գույք ես ո՞նց կարող էի օրինականացնել: Ես իմ լիազորությունների սահմաններում եմ գործել, իմ լիազորություններից նվազագույն անգամ չեմ շեղվել, գործել եմ պետության եւ շրջակա միջավայրի շահերից ելնելով»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորը հակափաստարկներ է ներկայացրել այս գործի մասով: Պատգամավորը հայտարարել է՝ իմ գործողություններում հակաիրավական վարքագիծ, այն էլ՝ խմբային շահերով պայմանավորված, չեմ տեսել եւ չեմ տեսնում:
Հարցի առնչությամբ ելույթ ունենալու համար հերթագրվել էր 25 պատգամավոր: Միջնորդագրի քննարկումը կշարունակվի հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին:




