Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա հրթիռակոծություններից հետո հաստատված փխրուն հրադադարը տարբեր զգացումներ է առաջացրել իրանցիների մոտ։ Չնայած իշխանությունները հայտարարում են 606 զոհի մասին, անկախ աղբյուրների տվյալներով՝ թիվը կարող է կրկնակի լինել։
Թեհրանում բնակվող Սիրուսը (անունը փոխված է անվտանգության նկատառումներով) BBC-ին ասել է, որ պատերազմն իրականում պատժել է հասարակ ժողովրդին։ «Մենք պատերազմ չենք ուզում, պատժամիջոցներ չենք ուզում։ Ուզում ենք խաղաղ ապրել մեր երկրում»,-ասում է նա։
Այլ քաղաքացիների մտահոգում է ոչ միայն պատերազմը, այլ նաև ռեժիմի հնարավոր գործողությունները՝ ներքին ճնշումները, մահապատիժների ու խոշտանգումների ավելացումը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն անցյալ տարի Իրանում իրականացվել է առնվազն 901 մահապատիժ։ Քաղաքացիները նաև վախենում են, որ ռեժիմը կշարունակի անտեսել ժողովրդի կարիքները՝ նախընտրելով ռազմական վերազինում։
Դոնալդ Թրամփի նախաձեռնած զինադադարն ուժի մեջ է մտել երեքշաբթի առավոտյան։
Զինադադարի հայտարարումից ժամեր անց իսրայելական բանակը հայտարարել է, որ որսացել է Իրանից արձակված հրթիռներ, Իրանը, սակայն, հերքել է լուրը։
Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է իրանական ռադարային համակարգին, բայց Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույցից հետո «ձեռնպահ է մնացել հետագա հարձակումներից»։




