ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Պատմական» որակված այցի տողատակերում․ ինչի՞ մասին էր Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա այցելեց։ Այդ երկրի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը Հայաստանում պատմական ու առանցքային որակեցին թե՛ փորձագիտական շրջանակները, և թե՛ հանրային ու քաղաքական գործիչներից շատերը։ Վարչապետ Փաշինյանը Ստամբուլում էրդողանի հետ առանձնազրույցից առաջ հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ պետք չէ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից չափազանցված սպասումներ ունենալ։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններն այժմ մեկնարկային կետում են և հանդիպումը պետք է կարևորել առանց երրորդ երկրների միջնորդության Թուրքիայի հետ հաղորդակցվելու ու փոխադարձ կառուցողական հարաբերություններ հաստատելու համատեքստում։ Թեպետ կողմերը համատեղ հայտարարության փոխարեն առանձին և ընդհանուր ձևակերպումներով են անդրադարձել հանդիպմանը, քաղաքագետներն արդեն վերլուծում են դրանց տողատակերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ Թուրքիա չէր հասել, երբ հանրային ու քաղաքական գործիչներից ոմանք նրա այցն արդեն «պատմական» էին համարում։ Վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Թուրքիա գնաց՝ այդ երկրի նախագահ Էրդողանի հրավերով։ Մինչև բուն հանդիպումը կողմերը չբացահայտեցին այցի օրակարգը։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումն ավարտվեց ոչ թե համատեղ ասուլիսով, այլ մամուլի համար առանձին հայտարարություններով։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման առանցքում են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, տարածաշրջանային իրադարձությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է, որ պետք չէ իր այցից չափազանց մեծ սպասումներ ունենալ․

«Այն փաստը, որ այցը կայանում է, ինքը արդեն պատմական է։ Իմիջիայլոց,  2 տարի առաջ  նման այցի լինելը արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր։ Գուցե նույնիսկ մի տարի առաջ, գուցե նույնիսկ 6 ամիս առաջ չափազանցված սպասելիք կհամարվեր։ Այսինքն՝ նկատի ունեմ՝ էդ ակնկալիքը արդեն իսկ կայացել է, և իմ պատկերացրած ակնկալիքը այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունը այդպիսին է։ Ես, իհարկե, ուզում եմ ասել նաև, որ  պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար, և նաև պատրաստվում եմ հրավիրել նրան մասնակցելու Երևանում տեղի է ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այն, իմիջիայլոց, Երևանում տեղի ունենալու նաև  Թուրքիայի աջակցությամբ»։

Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունների նկատելի առաջընթացներից մեկն այն է, որ կողմերը շփվում են ոչ թե 3-րդ երկրների միջնորդությամբ, այլ ուղիղ հաղորդակցմամբ։ Էրդողանին հաջորդ գարնանը Երևան հրավիրելու քայլը վարչապետը կարևորում է նաև այս համատեքստում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը առաջին հերթին լավ հնարավորություն է, որ այդ երկիրը հստակ պատկերացումներ ունենա տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի դիրքորոշման մասին։ Վարչապետն այս համատեքստում կարևորում է, որ Թուրքիայի ղեկավարին անձամբ կներկայացնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը․

«Մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծերը խորացնել, ընդհակառակը, ուզում ենք տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատել։ Այս համատեքստում շատ կարևորում եմ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը։ Ես կարևոր եմ համարում, որ Հայաստան- Ադրբեջան խաղաղության համաձայնագրի և խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումներով Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսվելու հնարավորություն կունենամ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն այժմ կառուցվում են զրոյական կետից․

«Թե՛ 90-ականների սկզբին, թե՛ ավելի ուշ՝ 2000-ականներին, եղել են նաև հայտնի դիվանագիտական ջանքերը՝ որոշակի կարգավորում բերելու հարաբերություններում, բայց այնուամենայնիվ, քանի որ, ըստ էության, իրենք հետագա զարգացում չեն ունեցել, մենք մոտավորապես 2022 թ․-ին էլ, հիմա էլ, եթե հաշվի առնենք, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք հաստատված, մեր սահմանները բաց չեն և էդպես շարունակ, ըստ էության, մենք միջինացված, մի զրոյական կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում»։

Ըստ պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու՝ Հայաստանի բոլոր ջանքերին։ Ըստ հաղորդագրության, Թուրքիայի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններն ավելի կարևոր ու առանցքային են դառնում։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ կողմերն, այնուամենայնիվ, պահել են ինտրիգը և տարածել ավելի ընդհանրական ձևակերպումներով հաղորդագրություններ․

«Հիմնականում ստանդարտ ձևակերպումներ էին, որոնք բնորոշ են հայ-թուրքական այս շփումների և գործընթացին՝ վերջին 3 տարիների ընթացքում։ Ի՞նչ կա այդ ձևակերպումների ներքո՝ սա է, բնականաբար, ինտրիգը։ Այսինքն՝ ի՞նչ խոսակցություն է եղել, և բանավոր ինչ-որ համաձայնություններ եղել են, թե ոչ։ Առայժմ արտահոսքեր չկան, բայց ժամանակի ընթացքում, ես կարծում եմ, որ այս կամ այն կերպ այդ բովանդակությունը դուրս կգա, եթե եղել է այդպիսի որևէ բովանդակություն»։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան բաց տեքստով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղիղ կապում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններով ու Խաղաղության պայմանագրի գործընթացով։ Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ վարչապետի այցից օրեր առաջ Էրդողանը Բուդապեշտում ՝ թուրքալեզու պետությունների գագաթնաժողովում դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»․

«Օրեր առաջ Թուրքիայի նախագահը Բուդապեշտում հայտարարում էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» իրենց համար ռազմավարական առաջնահերթություն է թուրքական աշխարհին կապելու իմաստով և նույնիսկ կոչ էր անում թուրքալեզու պետություններին ավելի ակտիվ մասնակցել այդ միջանցքի ձևավորմանը։ Եթե մի քանի օր անց Ստամբուլում տեղի է ունենում հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, ապա կասկած չկա, որ այդ հանդիպմանը Թուրքիայի համար առանցքային օրակարգային հարց լինելու էր հենց այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հարցը»։

Ուշադրության է արժանի նաև այն, որ վարչապետի այցից մեկ օր առաջ Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ընդգծում է Բադալյանը․

«Կասկած չկա, որ Էրդողանը Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից 1 օր առաջ խոսել է նաև նա այդ թեմաների վերաբերյալ։ Եվ բնականաբար, Ադրբեջանը փորձելու էր ապահովել, որպեսզի Փաշինյան-Էրդողան հանդիպմանը իր շահերը ներկայացված լինեն»։

Քաղաքագետը նկատում է, որ Փաշինյանի այցը Թուրքիա նախանշված էր ավելի վաղ,  քան Իսրայել-Իրան հակամարտության թեժացումը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը այդ համատեքստում․

«Անկասկած է, որ Իրանի հարցի այս կամ այն կերպ լուծումից է կախված լինելու նաև հայ- թուրքական կարգավորման որևէ հեռանկարը և, ընդհանրապես, Թուրքիայի դերը Կովկասում։ Այսինքն՝ Թուրքիայի հարցը ավելի ստորադաս է իր ներուժով և աշխարհաքաղաքական, այսպես ասենք՝ բովանդակությամբ, քան Իրանի հարցը, և քանի որ Իրանի հարցում մենք տեսնում ենք այսպիսի զարգացումներ, որոնք կարծես թե  բեկումնային նշանակություն են ունենալու և հանգուցային արդյունքների կարող են բերել, հայ թուրքական հարցը լինելու է սրա ստվերում։ Դրանով հանդերձ, իհարկե, անկասկած է, որ Թուրքիայի դերը աճել է Կովկասում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից վերադարձավ նույն օրը՝ երեկոյան։ Էրդողանի հետ հանդիպումից առաջ  Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցչիների հետ հանդիպմանը նա անդրադարձել է նաև կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Վարչապետը բացառել է, որ այդ ծրագիրը կձախողվի, հիմնավորելով, որ այն բխում է նաև Թուրքիայի տնտեսական ու առևտրային շահերից։

Կարդացեք նաև

Back to top button