
Մորուքավոր զինված անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավլի կայարանում առեւանգել են տղամարդու, նախօրեին հայտնել էր Baza տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով տեսանյութ։
Մարդը, ըստ ականատեսների, գոռում էր, որ իրեն առեւանգում են։ Նրան խցկել են «կառավարական» պետհամարանիշով Mercedes ավտոմեքենան եւ հեռացել։
Ավելի ուշ հայտնի էր դարձել առեւանգվածի անունը՝ գործարար եւ բլոգեր Արեգ Շչեպիխին։
Չեչնիայի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Մոսկվայում նա «չի առեւանգվել, այլ ձերբակալվել է»։
Չեչնիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ահմեդ Դուդաեւն ասել է, որ նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու, նացիզմը արդարացնելու, ծայրահեղական գործողությունների հրապարակային կոչի եւ այլ արարքների համար։
Baza-ն հայտնել է, որ Շչեպիխինը սոցիալական ցանցում վիրավորական տեսանյութեր էր տեղադրում տարբեր մարդկանց մասին, վերջին տեսանյութում անպարկեշտ արտահայտություններ արել մահմեդականների հասցեին, վիրավորել Ղուրանը։
«Զգուշացեք, նորություններ են» ալիքը հայտնել է, որ Շչեպիխինը ավելի վաղ Հովհաննիսյան ազգանունն ուներ։
Baza-ն խոսել է Արեգի մոր հետ, որը ասել է, որ «Ղարաբաղում պատերազմից հետո նրա վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ կտրուկ վատացել է»։




