
Ուրանի հարստացումից հրաժարվելու դեպքում Իրանի միջուկային արդյունաբերությունը կդարձնենք անօգուտ։ Իսլամական Հանրապետությունն այլ երկրներից կախվածություն մեջ կհայտնվի, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
«Միջուկային արդյունաբերությունն անօգուտ է առանց ուրանը հարստացնելու հնարավորության, քանի որ նման պարագայում ատոմակայաններ կառուցելու համար ստիպված կլինենք ձեռքներս մեկնած մնալ: Սա նույնն է, երբ նավթ ունես, բայց չես կարողանում վերամշակել այն քո տարածքում: Ունես նավթ, բայց ստիպված ես բենզին գնել ուրիշներից», — ասել է Իրանի առաջնորդը:
Ըստ Axios պորտալի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ, կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթավերջին Մերձավոր Արևելքի երկրներից մեկում:
Axios-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնի կողմից մայիսի 30-ին Թեհրանին ներկայացված առաջարկները նախատեսում են ուրանի 3% հարստացում: ԱՄՆ ծրագրի համաձայն, Իրանը ստիպված կլինի ապամոնտաժել ուրանի հարստացման հիմնական ենթակառուցվածքները, դադարեցնել գազային ցենտրիֆուգների մշակումը և պարտավորվել չկառուցել միջուկային նյութի հարստացման նոր օբյեկտներ:
Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտնել էր, որ Ուիթքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և ընդունելի առաջարկ: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս երաշխիքներ չի տվել Իրանին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող գործարքի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ, և ներկայացված առաջարկի պատասխանը կմշակվի՝ հաշվի առնելով երկրի ազգային շահը։
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը, որտեղ Օմանը հանդես է եկել որպես միջնորդ: Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել է, որ ձեռք է բերվել «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց»: Նրա իրանցի գործընկերոջ խոսքով՝ Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն մեկ կամ երկու հանդիպման ընթացքում դրական արդյունքների հասնել։




