ԿարևորՄշակույթ

Մեկնարկում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկել է «Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը: Այն կանցկացվի 3 փուլով։ Հայտերի ընդունման` նախընտրական փուլը կավարտվի հունիսի 15-ին։  Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։

Հունիսի 20-ին «Մետրո» թատրոնում ընտրական փուլի եզրափակիչ համերգին կմասնակցեն  նախնական փուլն անցած հայտատուները: Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերն , ինչպես միշտ,  հոգում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի սևանյան փուլը տեղի կունենա հուլիսի 18-ից 20-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։

Համերգային երկու օրերին կմասնակցեն այս տարվա ընտրական փուլը հաղթահարած, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրներից ժամանած հանրաճանաչ երգահանները։

Փառատոնի գալա համերգը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Այս տարի փառատոնին կմասնակցեն Բելառուսի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Իսրայելի, Լատվիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

«Հուսո առագաստ» փառատոնը իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Բարդերի ակումբի աջակցությամբ։

Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից  և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ  և աջակցությամբ, այդ թվում  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Կարդացեք նաև

Back to top button