Հասարակություն

ԹԻ-ն ուսումնասիրել է քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը

Երբ հանրության լայն շրջանակներ հնարավորություն ունեն մասնակցելու որոշումների կայացմանը, դրանք ոչ միայն ավելի բարձր լեգիտիմություն կունենան, այլև ավելի հիմնավորված կլինեն, որակյալ և հանրային կարիքին արձագանքող՝ կարծում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները։ Նրանք  ուսումնասիրել են Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը։

2024 թվականին Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում հանրային լսումների 90 տոկոսից ավելին տեղի է ունեցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի շրջանակում։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է հանրության մասնակցությունը քաղաքապետարանի ծրագրերին և կազմել 80-էջանոց զեկույց։

Կառույցի մասնագետները կարծում են, որ հանրային կարևորության որոշումներ ընդունելիս քաղաքապետարանը պետք է հանրային քննարկումներ ու խորհրդակցություններ անցկացնի։ Քաղաքային իշխանությունն այսկերպ կհասկանա, թե երևանցիներն ինչպես են վերաբերվում քննարկվող այս կամ այն որոշմանը, և ստիպված չի լինի ընդունելուց հետո փոխել այն՝ ասում է կառույցի ներկայացուցիչ Մերի Մինասյանը։

«Բացի դրանից՝  լսումների կազմակերպման ժամկետները, ծանուցման մեխանիզմներն ու մատչելիությունը միշտ չէ, որ բավարարում են իրականացմանը։ Օրենքով պահանջվում է քաղաքապետարանի կայքում ծանուցման տեղադրում, վարչական շրջանների շենքերին ցուցանակներ, մամուլում ծանուցման տպագրում, որը, ըստ մեզ, 21-րդ դարում բավարար մեխանիզմ չէ քաղաքացիներին որևէ գործընթացի վերաբերյալ իրազեկելու համար»։

Ըստ կառույցի ուսումնասիրությունների՝ 2024 թվականի ընթացքում տեղի ունեցած հանրային լսումների մի մասը բովանդակային չի եղել։ Այն փաստը, որ Երևանի գլխավոր հատակագծին վերաբերող հանրային առաջին լսումներին մասնակցել է 11 հոգի, որոնցից 10-ը քաղաքապետարանի աշխատակիցներ են, արդեն խոսում է դրա ձևական բնույթի մասին։

«Եվ նրանք ոչ մի հարց չէին բարձրաձայնել, որևէ դիտարկում չունեին  նախագծի վերաբերյալ, ինչը անհանգստացնող պատկեր է նման փաստաթուղթ քննարկելիս»։

Քննարկմանը ներկա փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի վիճարկում հանրային լսումների ոչ շատ բովանդակային լինելը։ Բայց համաձայն չէ այն դիտարկմանը, որ լսումների մասին պատշաճ իրազեկում չի կազմակերպվում։

«Պատշաճ իրազեկում չի՞ լինում, թե՞ ինչ-որ խոչընդատոներ կան՝ ոչ ծանոթ-բարեկամների հանրային լսումների մասնակցության»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը համաձայն չէ փոխքաղաքապետի այդ դիտարկմանը։ Նա կարծում է, որ ոչ բավարար չափով հետաքրքրվածությունը վատ կազմակերպման հետևանք է։

«Հատակագծի հետ կապված քննարկումների ժամանակ մոտ 60 հասարակական կազմակերպություններ այդ գործընթացում ներգրավվել ենք։ Հանրային լսման մասին այդքան ակտիվ փորձագետներից ու կազմակերպություններից որևէ մեկը չի իմացել»։

Կառույցի ներկայացուցիչ Մերի Մինասյանը նշում է մյուս խնդիրը, որին բախվել են քաղաքապետարանի գործունեությունն ուսումնասիրելիս։ Քաղաքային իշխանությունը  գործարկել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որտեղ հնարավոր է ներկայացնել քաղաքացիների առաջարկած նախագծերը, առաջարկությունները, դիտարկումները, քվեարկել այս կամ այն նախագծի օգտին։ Գործում է նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն ահազանգելու տեղական խնդիրների վերաբերյալ։ Կարևոր այս հարթակների պոտենցիալը, սակայն, ամբողջությամբ չի օգտագործվում՝ ասում է բանախոսը։

««Ակտիվ քաղաքացի» հարթակն իրականում մեծ պոտենցիալ ունեցող գործիք է, որը քաղաքապետարանը չի օգտագործում իր ամբողջ պոտենցիալով։ Եվ, ըստ մեզ, այն ավելի լայն կիրառում կարող է ստանալ»։

Հարթակը մեծ պոտենցիալ ունի և արդյունավետորեն օգտագործվում է՝ հակադարձում է փոխքաղաքապետը՝ չհամաձայնելով այն պնդմանը, որ հարթակում քննարկման են դրվում ոչ այնքան հետաքրքիր նախագծեր։ Սուրեն Գրիգորյանը հենց քննարկման ժամանակ բացում է հավելվածն ու աչքի անցկացնում վիճակագրությունը։

Զեկույցում անդրադարձ կա նաև Երևանի բյուջեի ձևավորմանը և այդ գործընթացում հանրային մասնակցությանը։ ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը խնդիր է համարում հանրային վերահսկողության պակասը։

«Բյուջեի կատարման փուլում պիտի վերահսկողություն լինի։ Անընդհատ վերաբաշխումը բերում է անկանխատեսելիության և մասնակցայնության արժեզրկման համակարգային մոտեցումը պահանջում է, որ 4 փուլերում պիտի հանրային մասնակցություն լինի»։

ԹԻՀԿ-ը հանրային մասնակցությունը Երևան քաղաքի բյուջետային գործընթացներում խթանելուն ուղղված առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում, կարծում են, քաղաքային իշխանությունների գործունեությունն ավելի թափանցիկ կդառնա։

Կարդացեք նաև

Back to top button