ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

15 մլն դրամ տուրք՝ մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում․ օրենսդրական փոփոխությունների առաջարկ

ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է շրջանառության մեջ դրել։ Ըստ պատգամավորի՝ այդ փոփոխությունների նպատակն է ավելի արդյունավետորեն պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու երևույթի դեմ։ Վերլուծելով վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության մեկնողների թիվը՝ պատգամավորը եզրակացնում է, որ զորակոչային տարիքի քաղաքացիների միայն 30-40 տոկոսն է անցնում պարտադիր ծառայություն։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից՝ ասել է պատգամավորն ու ներկայացրել առաջարկվող կարգավորումները։

2020-2024 թվականներին արական սեռի մինչև 18 տարեկան 8․721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Ըստ վիճակագրության՝ 18 տարեկանը չլրացած տղաները արտերկիր են մեկնում բուժման, ուսման կամ այլ նպատակներով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում Հայաստան։

ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ասում է, որ շատերը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար ծառայության հետ անհամատեղելի հիվանդության մասին փաստաթղթեր են ներկայացնում։ Ծառայությունից առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները ընդհանուր ազատվածների ավելի քան 80 տոկոսն են կազմում։

Պատգամավոր Հայկ Սարգսյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը նպատակ ունի խրախուսելու զինվորական ծառայությունը․

«Շրջանառության մեջ ենք դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որի նպատակներն են՝ զորակոչիկների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում»։

 Ըստ պատգամավորի՝ վերլուծել են վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը և հանգել այն եզրակացությանը, որ մեծ թվով քաղաքացիներ են խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից։

«Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինծառայողների թիվը զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը տեսնում ենք, որ վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30 -40 տոկոսն է զորակոչվում զինծառայության»։

 Պարտադիր զինվորական ծառայությունից վերը նշված ճանապարհներով խուսափելու դեպքերը կանխելու համար Հայկ Սարգսյանն օրենսդրությունը խստացնող փոփոխություններ է առաջարկում, օրինակ՝ կառավարության գործող որոշումներում փոփոխություններ կատարել և առողջական որոշ խնդիրների դեպքում ուղարկել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Նա առաջարկում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27–ից դարձնել 37։ Մյուս խստացումը վերաբերում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն։ Մինչև 18 տարեկան տղաների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը առաջարկվում է դարձնել 15 մլն դրամ։ Ի դեպ, գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, այս գումարը վճարելով, ազատվում են քրեական պատասխանատվությունից։Մյուս փոփոխությունը վերաբերում է առողջական փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելուն կամ դրանից խուսափելուն։

«Այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խմնդիրներով պայմանավորված և խուսափում են փորձանմուշ տալուց, ապա  առաջարկում եմ՝ դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքեր նույնպես քիչ լինեն»։

Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու դեպքում, խստացնող կարգավորումներին զուգահեռ, պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ծառայության մեկնելու գրավչությանը խթանող կարգավորումներ։

«Այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող ֆինանսական միջոցներն ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում ։ Երկրորդ՝ կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք»։

Նա առաջարկում է նաև ժամկետային զինծառայողներին ընտրության հնարավորություն տալ։ Ծառայել 24 ամիս և ստանալ դրամական բարձր ապահովություն, ծառայել 6 ամիս, վճարել 15 մլն դրամ և ծառայել մեկ ամիս, վճարել 20 մլն դրամ։ Այն դիտարկմանը, որ սրանով սոցիալական անարդարություն է ստեղծվում, այսինքն՝ վճարունակ քաղաքացիներին բանակից ազատվելու հնարավորություն է տրվում, իսկ սոցիալական խնդիրներ ունեցողների երեխաները մեկնում են ծառայության, Հայկ Սարգսյան այսպես է հակադարձում․  

«Քանի որ սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչի հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն և սրանով իսկ նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը մինչև զորակոչային տարիքի հասնելը»։

Մյուս խրախուսական առաջարկը վերաբերում է մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն։

«Սա վերաբերում է այն անձանց, ովքեր ազգությամբ հայ են , բայց ՀՀ քաղաքացի չեն ։ Դրանք հիմնականում Վրաստանի, ԱՄՆ–ի մեր հայրենակիցներն են, ովքեր ծնվելով այդ երկրներում՝ լինում են այդ երկրի քաղաքացիներ, չնայած ապրում են Հայաստանում։ Նրանք շարունակում են լինել այլ երկրի քաղաքացիներ և զորակոչի ենթական չեն և ցանկանում են ստանալ քաղաքացիություն։ Սակայն քաղաքացիություն ստանում են միայն 27 տարին լրանալուց հետո, որպեսզի ազատվի երկու տարի պարտադիր ծառայություից։ Առաջարկում եմ նրանց տալ հնարավորություն և ասել, որ մի սպասեք մինչև ձեր 27 տարին լրանալը։ Դուք ստացեք ՀՀ քաղաքացիություն և  կունենաք հնարավորություն երկու տարվա փոխարեն ծառայել մեկ տարի կամ պետական բյուջե վճարել սահմանված գումարը, ինչը մենք կծառայեցնենք բանակի կարիքների համար և կունենանք ավել մեկ պահեստազոր»։

Ըստ պատգամավորի՝ այս փոփոխություններով կավելանա զորակոչիկների թիվը, կբարձրանա զինծառայության գրավչությունը։

Կարդացեք նաև

Back to top button