
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։
«Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ»,- շնորհավորական ուղերձում նշվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարության նախաձեռնությամբ այս տարի պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ «Մեր ավանդական քոչարին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել»,- գրել է նախարարը։
Նա համոզված է որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։
Իր շնորհավորական ուղերձում նախարարը նաեւ գրել է.
«Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։
ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։ Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով:
Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։
Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը»,- ասված է ուղերձում:




