ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՔաղաքական

44-օրյայի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստում. Անդրանիկ Քոչարյան   

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի  զեկույցը կհրապարակվի ԱԺ հաջորդ նստաշրջանի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ին հաջորդող նիստում՝ լրագրողներին հայտնել է  խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ այս որոշումը ճիշտ է մի քանի առումով, ու կարևորը փաստաթղթից հետևություններ անելն է։ Զեկույցը պատրաստ է դեռ նախորդ սեպտեմբերից, բայց դեռ չի հրապարակվել։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հասկանում է այն հետաքրքրությունը, որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի նկատմամբ, բայց կարծում է, որ փաստաթուղթը հրապարակելու մասին խորհրդարանական ընդդիմության պարբերական հիշեցումներն այնքան էլ տեղին չեն։          

«Եվ պարոն Մամիջանյանը շատ անհանգստացած է, թե երբ է լսելու զեկույցը, չնայած այդ հնարավորությունն ընդդիմությունը միշտ ունեցել է՝ մասնակցելու աշխատանքներին և տեղեկացված լինելու կատարված աշխատանքի ոչ միայն բովանդակությանը, այլև ամբողջ ծավալին։ Բայց քանի որ իրենք որոշեցին չմասնակցել և հիմա «անհամբեր» սպասում են զեկույցին, ես կասեմ օրը։ Դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Դա նշանակում է աշնանային նստաշրջանում, որը կսկսվի»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ հայտարարությունների ժամին կասկած էր հայտնել, թե «իշխանությունը վախենում է հրապարակել 44-օրյայի վերաբերյալ հաշվետվությունը»։  

Քննիչ հանձնաժողովը ձևավորվել է 2022-ի փետրվարին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր հանձնաժողովի աշխատանքն այն հիմնավորմամբ, թե պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած քաղաքական ուժը  չի կարող օբյեկտիվ քննություն կատարել: 2024-ի սեպտեմբերին հայտարարվել էր, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, այն, սակայն, ԱԺ նիստում դեռ չի ներկայացվել։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ զեկույցը կհրապարակի հաջորդ նստաշրջանին՝  այս տարվա սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստի ժամանակ։

«Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, իսկ ամսի 30-ին սկսվելու է լիագումար նիստը, կա՛մ  30-ին, կա՛մ դրան հաջորդող օրը ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, և օրը վերջնականապես կորոշվի։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի»։

Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը կազմելու համար տասնյակ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվել, մի քանի տասնյակ պաշտոնյաներ էլ հանձնաժողովի նիստերին են հրավիրվել։

«Դուք սենսացիաներ մի՛ փնտրեք, հետևանքների վերացման խնդիրների բացահայտում մա՛ն եկեք։ Կարծում եմ՝ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է․ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Կներկայացվի։ Մենք որևէ օրենք չենք խախտել, չենք խախտելու և դրանից հետո, կարծում եմ՝ զեկույցը կլինի գաղտնի բաժնում։ Գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ, համոզված եմ, նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների վերաբերյալ եզրահանգումներ անի»։

Հանձնաժողովի ուսումնասիրությանը մասնակցել են նաև հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլք։ Հանձնաժողովում, անհատական կարգով, նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։ 

Հանձնաժողովի զեկույցին սպասում են նաև անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք հույս ունեն փաստաթղթից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։

Կարդացեք նաև

Back to top button