
Արդեն մեկ ամիս Ադրբեջանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ ապատեղեկատվություն է տարածում Հայաստանի Զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույն պարբերականությամբ հերքում է ադրբեջանական մեղադրանքները։
Գրեթե ամօրյա ռեժիմով ադրբեջանական կեղծ մեղադրանքները և ապատեղեկատվությունը հերքելուն զուգահեռ Հայաստանի ղեկավարությունը միջազգային հարթակներում շարունակում է աշխատել առաջնահերթ համարվող խնդրի ուղղությամբ։ Առաջարկների սեղանին Հայաստանի առաջնային նպատակի մասին լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Շարունակում ենք հրապարակային խոսել սրա մասին, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք, որպեսզի կարողանանք իմանալ սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա»։
Անվտանգության խորհրդի քարտուղարը թերահավատ է այն վկայակոչումների հարցում, թե սահմանամերձ շրջանների բնակիչները ադրբեջանական ուժերի կուտակումներ և տեղաշարժ են նկատում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք պատերազմի վտանգ տեսնում է, Գրիգորյանն ասել է․
«Ընդհանրապես նման ասեկոսեների ինֆորմացիոն աղբյուրներին պետք չէ հետևել։ Եթե ինչ–որ ինֆորմացիա լինի, միանշանակ է, որ ՊՆ–ն ինֆորմացիա տրամադրելու է։ Դուք ունե՞ք հստակ աղբյուր, որ ձեզ նման բան է ասել։ Խնդրում եմ այդ մարդուց խնդրեք, որ ձեզ հավելյալ, ոչ թե տեսածով, ինֆորմացիա տրամադրի, որովհետև ես ենթադրում եմ, որ ամենայն հավանակնությամբ, ինքն այդպիսի բան չի տեսել։ Որովհետև եթե ինքը տեսել է, պետք է մեր համակարգն էլ տեսներ, և մենք այդպիսի իֆորմացիա ունենանք։ Եթե մենք ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է ՀՀ անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, կկիսվենք հանրության հետ»։
Մինչ Ադրբեջանը զբաղված է ապատեղեկատվություն տարածելով, հայ պատվիրակները տարբեր հարթակներում բարձրաձայնում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության և այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերի մասին։ Ընդգծում են, որ Երևանն իրավիճակը սրելու մտադրություն չունի։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, մարտի 13–ից հետո ստեղծված իրավիճակի մասին Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը․
«Հայաստանն առաջարկել է քննարկումներ անցկացնել փաստաթղթի ստորագրման հնարավոր վայրն ու ժամկետը պարզելու համար: Այս պատմական փուլը հաջողությամբ ավարտին հասցնելու համար էական է, որ այս հարցը մշտապես լինի ձեր ուշադրության կենտրոնում: Ես այստեղ եմ՝ ձեր ուշադրությունը հրավիրելու այս հարցի վրա»։
Նույն թեմային հայ պատվիրակները անդրադարձել են նաև Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում։
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն արձանագրել է, որ Բաքուն մարտի 13-ից հետո հանդես է գալիս նոր նախապայմաններով։ Պատգամավորը հիշեցրել է վստահության մթնոլորտին միտված Հայաստանի առաջարկները, որոնց Ադրբեջանը համառորերն չի արձագանքել։
Փոխարենը Ադրբեջանի նախագահն արդեն ոչ թե Հայաստանին, այլ միջազգային հանրությանն ուղղված հերթական հայտարարությունն է արել։ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում, հայտարարել է, որ Բաքուն չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Ալիևը բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ Ըստ Ալիևի՝ եթե պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի նիստերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությանը, եթե չգիտի, թե ովքեր են նրանք, ապա կարող է Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի վճիռներն անվավեր համարել:
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրությանը հետևում է նաև Ռուսաստանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանին ու Բաքվին փոխանցել է զսպվածություն ցուցաբերելու, սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և իրավիճակը վատթարացնող գործողություններից խուսափելու Մոսկվայի կոչը ։
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։ Զախարովան ընդգծել է նաև կողմերին աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին։
Հայաստանի վերլուծական դաշտում ոչ համաչափ են համարում միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը և ակնհայտ մտադրություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդական ջանքերին, ապա քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը որոշակի վերապահում ունի Մոսկվայի անկեղծության առնչությամբ։ Նա կարծում է, որ Արցախի ժողովրդի ցավը Ռուսաստանը կարող է օգտագործել որպես Հայաստանն ապակայունացնող գործոն։
«Տեսեք, Ռուսաստանն իր ազդեցությունը տարածում է կոնֆլիկտների միջոցով։ Իհարկե, իրենք ճանաչում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ի դեպ, միայն իրենք։ ՄԽ մյուս երկու համանախագահները երբեք այդպիսի հայտարարություն չեն արել։ Վլադիմիր Պուտինն ասաց և մեղադրեց ՀՀ նախկին իշխանություններին, որ ճանաչեիք Արցախը, մենք էլ գայինք պաշտպանեինք։ Ռուսաստանի հաշվարկն այն է, որ Հայաստանում կարելի է այդ թեմայով դիմադրության օջախ ստեղծել»։
Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում է շարունակում մնալ նաև Իրանի և Մեղրիի սահմանի տրանսպորտային ենթակառուցվածքի հարցը, որը Մոսկվան հավակնում էր վերահսկել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության յուրովի մեկնաբանությամբ, ինչը սկզբունքորեն անըդունելի է պաշտոնական Երևանի համար։




