
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը Չինաստանի ապրանքների վրա ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ի կեսգիշերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մտածում այս միջոցները հետաձգելու մասին, երեքշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա հավելել է, որ հատուկ առևտրային մաքսատուրքերը չինական ապրանքների համար կկազմեն 104 տոկոս: Լևիթն ասել է, որ Թրամփը տեսնում է Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու Չինաստանի ցանկությունը։ Պեկինը սխալվել է՝ պատասխան միջոցներ ձեռնարկելով, «որովհետև երբ Ամերիկան հարձակման է ենթարկվում, նրա պատասխան հարվածն ավելի ուժեղ է լինում», — ասել է Սպիտակ տան խոսնակը:
Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը և Պեկինը ցանկանում են համաձայնության գալ, բայց չգիտեն՝ ինչպես անել, նշել է Լևիթը։ Թրամփը խոստանում է «բարեհաճություն ցուցաբերել, երբ Չինաստանը ձեռք մեկնի իրեն», և սպասում է Պեկինից զանգի, հավելել է նա:
Մեկ օր առաջ Թրամփը բացառել էր Չինաստանի հետ մաքսատուրքերի վերաբերյալ հետագա բանակցությունների հնարավորությունը և սպառնացել էր նոր առևտրային տուրքերով: Եթե Պեկինը մինչև ապրիլի 8-ը չչեղարկի ամերիկյան ապրանքների համար 34 տոկոս մաքսատուրքերը, ապրիլի 9-ից ուժի մեջ կմտնեն չինական ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրքերը, զգուշացրել էր նա։
Ապրիլի 9-ից ուժի մեջ կմտնեն նաև չինական ապրանքների՝ Միացյալ Նահանգներ ներմուծման 34 տոկոս հատուկ մաքսատուրքերը, որոնց մասին Թրամփը հայտարարել է մի քանի օր առաջ: Բացի այդ, ԱՄՆ-ում չինական ապրանքների վրա արդեն գործում է 20 տոկոս մաքսատուրք։ Այսինքն, դրանց ընդհանուր չափը կկազմի 104 տոկոս։
Թրամփի՝ Չինաստանից և շատ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար հատուկ մաքսատուրքեր սահմանելու որոշումը ամբողջ աշխարհում սուր քննադատության է արժանացել քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից , արժեթղթերի շուկաներում գրանցվել է զգալի անկում: Նավթի գները կտրուկ նվազել են։
Սպառողական գների աճ և տնտեսական աճի դանդաղում է սպասվում ամբողջ աշխարհում։




