
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների երկօրյա գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հանդիպումից առաջ նա ասել է, որ Վաշինգտոնը կմնա դաշինքում, սակայն դաշնակիցներից կպահանջի ՀՆԱ-ի առնվազն 5%-ը ծախսել պաշտպանության վրա։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալու մտադրություն չունի։ «Միացյալ Նահանգները ակտիվ դեր է խաղում ՆԱՏՕ-ում, ինչպես միշտ: Թրամփը պարզ ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին, և որ երկիրը կշարունակի մնալ դաշինքի անդամ»,- ասել է նա:
Ռուբիոն իր ելույթում կրկնել է Դոնալդ Թրամփի պահանջը, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի առնվազն 5%-ը ծախսեն պաշտպանության վրա։ Դա վերաբերում է նաև ԱՄՆ-ին, հավելել է պետքարտուղարը։
Լեհաստանը, որն արդեն իր ՀՆԱ-ի ավելի մեծ տոկոս է ծախսում (4,12%) պաշտպանության վրա, քան ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկիր, համաձայնել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը և պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին:
«Հինգ տոկոսն իսկապես այն թիրախն է, որը մենք ցանկանում ենք հասնել հաջորդ տարի: Եվ նույնիսկ հաշվի առնելով ստորագրված երկարաժամկետ պայմանագրերը, մենք պետք է պահպանենք ծախսերի բարձր մակարդակը առաջիկա տարիներին», — ասել է երկրի արտգործնախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
Ներկայում դաշինքի անդամ երկրների պաշտպանական ծախսերի պաշտոնապես առաջարկված մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը։ Ընդ որում՝ 2024 թվականին դաշինքի անդամ 32 երկրներից միայն 24-ն են հասել այս ցուցանիշին: Խորվաթիան, Պորտուգալիան, Իտալիան, Կանադան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Սլովենիան և Իսպանիան, ի թիվս այլոց, վճարում են 2%-ից պակաս:
ԱՄՆ-ը ռազմական ծախսերի վրա ծախսում է ՀՆԱ-ի 3,38%-ը, ինչը կազմում է դաշինքի ընդհանուր ծախսերի մոտ 67%-ը։ Երկրորդ տեղում Գերմանիան է (ՆԱՏՕ-ի ծախսերի 6,8%-ը), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (6,7%), չորրորդում՝ Ֆրանսիան (4,9%)։




