
Վաշինգտոնում դաշնային շրջանային դատարանը բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի միջնորդությունը՝ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալության (USAGM) դեմ ներկայացված հայցում պարունակվող ժամանակավոր արգելքի վերաբերյալ:
Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը, դատարանը նախօրեին որոշել է, որ մինչև գործի քննությունը, որը կկայանա առաջիկա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են ուղղված լինել «Ազատություն» ռադիոկայանի փակմանը։
Այս միջոցները վերաբերում են նաև մարտի 15-ին USAGM-ի գլխավոր տնօրենի ավագ խորհրդական Քերի Լեյքի կողմից հայտարարված որոշմանը: Խոսքը դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին է, որի համաձայն «Ազատություն» ռադիոկայանը USAGM-ի միջոցով ստանում է Կոնգրեսի կողմից իր աշխատանքի համար հատկացված միջոցները:
«Ազատություն» ռադիոկայանը խնդրել էր մեդիա կորպորացիային տրամադրել մոտ 77 մլն դոլար, որը ընթացիկ ֆինանսական տարում նրա աշխատանքի համար հատկացրել է ԱՄՆ Կոնգրեսը։ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին Լեյքի ծանուցումը նպատակ ուներ արգելափակել այդ միջոցների փոխանցումը «Ազատություն» ռադիոկայանին:
Նախօրեին ԱՄՆ գլոբալ մեդիա գործակալությունն արդեն համաձայնել էր Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների մի մասը փոխանցել «Ազատություն» ռադիոկայանին։ Արդյունքում՝ մեդիա կորպորացիան մոտ ապագայում պետք է ստանա 7,46 մլն դոլար, որը ծածկում է մարտի 1-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի ծախսերը։



