
Պաղեստինյան ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասի գլխավորած ՖԱԹՀ շարժումը կոչ է անում ՀԱՄԱՍ խմբավորմանը հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից, հայտարարել է Գազայի հատվածում ՖԱԹՀ-ի խոսնակ Մունթեր Հայեկը։ Նրա խոսքերը մեջբերում է WAFA լրատվական գործակալությունը։
Հայեկն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայությունը վտանգավոր է դարձել Պաղեստինի ժողովրդի՝ իր իրավունքների համար պայքարի գործի համար, և շարժումը պետք է վերանայի իր դիրքորոշումը։
«Մենք ՀԱՄԱՍ-ին կոչ ենք անում լսել մեր ժողովրդի ձայնը և հեռանալ Գազայի հատվածի կառավարման դաշտից՝ թույլ տալով Պաղեստինյան ազգային վարչակազմին և Պաղեստինի ազատագրման կազմակերպությանն իրենց պարտականությունները կատարել», — ասել է ՖԱԹՀ-ի ներկայացուցիչը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներթափանցումից հետո։




