
Գործունեությունն է սկսել «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը։ Դաշինքի նպատակն է ուսումնասիրել կրթության ոլորտում առկա խնդիրները, թույլ և ուժեղ կողմերը, պետական մարմիններին առաջարկել լուծման թիրախային մեխանիզմներ։ Դաշինքը միավորել է 7 կազմակերպություն, որոնք ոլորտի առաջատարներից են՝ վստահեցնում են համահիմնադիրները։ Առաջիկա տարում դաշինքում ընդգրկված ընկերությունները տարատատեսակ հետազոտություններ կկատարեն, հետո կպատմեն հանրությանը, թե ինչ է պետք է անել կրթությունն ավելի լավը դարձնելու համար։
Կրթական համակարգի խնդիրներն այսուհետև 7 կազմակերպություններ, այսպես ասենք, նախ «կչափեն» ու հետո միայն «կկտրեն»։ Այս կազմակերպությունները միավորվել են կրթական համակարգի խնդիրները վերլուծելու և լուծումներ գտնելու համար։ «405 կրթական դաշինքը» անելու է այն, ինչ մենք առանձին-առանձին դժվարանում էինք իրականացնել՝ նկատում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
«Մենք բոլորս հասել ենք այն կետին, որ գիտակցում ենք, որ ամեն մեկիս առանձին արված գործը առանց ընդհանուր համատեքստի, ինչ-որ առումով նման է, երբ մարդիկ հավաքվում են՝ իրար հետ տուն սարքեն, ու ամեն մարդ առանձին սենյակ է սարքում։ Մենք հասկացանք, որ ժամանակն է՝ բոլորս մի տուն կառուցենք։ Շատ հաճախ մեր քննարկումներում հասկացանք, որ արդեն ժամանակը եկել է, ու քանի որ կար այդ թափը, դա լավ հիմք էր ընթացք տալու համար»։
Նորաստեղծ դաշինքն առաջին հերթին հետազոտական աշխատանք է կատարելու, վերլուծելու ու բացահայտելու է կրթական ոլորտի հիմնախնդիրները, թույլ և ուժեղ կողմերը, որ հետագայում առաջարկվող լուծումներն ու գործողությունները փաստարկված ու թիրախային լինեն։ «405 կրթական դաշինք» հիմնադրամի գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը համոզված է, որ անհրաժեշտ հետազոտություններ այս պահին չեն արվում, ու կայացվող որոշումները հիմնավոր չեն։
«Միգուցե շատ հանդուգն հիմնախնդիր ենք ձևակերպել, բայց դա հիմնավորված է, քանի որ 7 հիմնադիր կառույցները և մեր խորհրդի անդամները հանգել են այն եզրակացության, որ նույնիսկ դաշտում գործող հետազոտությունները այնքան համապարփակ չեն, որ թե՛ պետության, թե՛ գործող կառույցների, թե՛ փորձագետների համար տվյալահեն հիմք հանդիսանան որոշումներ կայացնելու համար»։

Ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարությունը ողջունում է նախաձեռնությունը։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերապահումներ ունի այն պնդման հարցում, որ որոշումները փաստարկված չեն, բայց համաձայն է, որ թերություններ ու բացթողումներ կան։
«Վստահ եմ, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ մենք կարողանալու ենք քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, բայց իրականացվում են ոչ այնքան արդյունավետ, բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ունենք մեր մտքում իրականացնելու համար, բայց կարող ենք միասին քննարկել ու հասկանալ՝ ինչպես անենք, որ ավելի արդյունավետ դրանք իրականացնենք, իսկ աշխատանքների ծավալը հսկայական է։ Մենք շատ ուրախ ենք ու բաց ենք այս համագործակցության համար»։
Դաշինքի գաղափարն առաջացել է դեռ 2022 թ․՝ ի պատասխան Արցախի շրջափակման հետևանքով երեխաների կրթության իրավունքի խախտումների։ Այդ օրերին է ստեղծվել «Կրթության իրավունք» քաղաքացիական նախաձեռնությունը, որը փորձում էր աշխարհին պատմել Արցախում ստեղծված կրթական ճգնաժամի մասին։ Դրանից հետո հիմնադիրները հասկացել են, որ գործը կիսատ թողնել չի կարելի, որ Հայաստանին նոր առաջարկ է պետք։
«Այդ ժամանակ խոր գիտակցեցինք, որ եթե նույնիսկ Արցախի ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մենք համախմբվեցինք ու մոբիլիզացրինք մեր ուժերը՝ անկախ այն տարբերություններից, որոնք ունեինք կրթության կազմակերպման տեսանկյունից, պետք է ավելի երկարաժամկետ լուծումներ առաջարկել պատճառներն ու խնդիրները գտնելու ուղղությամբ»,– «405 կրթական դաշինք» հիմնադրամի գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը։
«Այբ» կրթական հիմնադրամ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամ (ԹՈՒՄՈ), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ, Հայ կրթական հիմնարկություն, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակ․ դաշինքում առայժմ այս 7 կազմակերպություններն են ընդգրկված, բայց դռները բաց են, բոլորը կարող են միանալ։
Այս կազմակերպությունների մեծ մասը «ծնունդով» Սփյուռքից է` նկատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա վստահ է, որ Հայաստանում այս կազմակերպությունների արած գործը կտարածվի ու կընդգրկի նաև Սփյուռքը՝ հավանաբար լուծելով նաև այնտեղ եղած խնդիրները․
«Շատ լուրջ ու ծանր կրթական խնդիրներ կան նաև Սփյուռքում, մենք ամեն տեղ ունենք հայոց լեզվի «նահանջ», ամեն տեղ ունենք հայկական դպրոցների սահմանափակում, նվազեցում, և սրա դեմն անպայման պետք է ինչ-որ ձևով առնել, և կարծում եմ՝ այս կրթական դաշինքը մեծ ներուժ ունի ազդելու նաև Սփյուռքի կրթական իրավիճակի վրա»։
Անկախ ու հզոր լինելու համար պետք է ինստիտուցիոնալ հզոր մարմիններ ունենալ՝ վստահ են դաշինքի հիմնադիրները։ Առաջիկա տարում ուժերը կկենտրոնացնեն հետազոտությունների վրա, հետո արդեն հանրությանը կներկայացնեն, թե իրենց կարծիքով ինչ է պետք է անել կրթությունն ավելի որակյալ դարձնելու համար։




