
Խորհրդարանում այսօր նիստին ու կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ՝ միջանցքում իշխանական ու ընդդիմադիր ուժերը խոսել են վերջերս հաճախ տրվող այն հարցից, թե ի վերջո, ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո ինչ-որ հարձակում է սկսվել, որի պատճառը հասկանալի չէ՝ ԱԺ նիստերի ընդմիջումներին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նաև երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հայտարարությանը, ըստ որի՝ եթե 2018-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ իշխանության, իշխանությունը չէր հանձնվի այլ ուժի։
«Սրանք կարծիքներ են, որ կարող են լինել, բայց այստեղ պատճառների մասին ենք մոռանում, թե ինչի՞ հասանք դրան: Ինչեր եղան, որը բերեց, հասցրեց այդ վիճակին։ Ես իսկապես չեմ ուզում սրա մեջ մտնել: Գիտեք, այս ձեր ասած այդ վեճը, որ սկսվել է, սրա հիմքում 2018 թիվը չի եղել բացարձակապես»:
Լևոն Քոչարյանն ասաց, որ, ըստ որոշ գնահատումների, 2018-ին կային տարբեր միջոցներ՝ թույլ չտալու իշխանության փոփոխություն, և եթե նույնիսկ վիճակը հասել էր դրան, ապա կարող էին միջոցներ ձեռնարկվել, որ թեկուզ ուրիշ թեկնածու առաջադրվեր։
Դիտարկմանը, թե ընդդիմադիր երկու ուժերի, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տարակարծությունները ձեռնտու են իշխանություններին, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց, որ հիմնական նպատակը մեկն է՝ հասնել իշխանության փոփոխության, ինչն ակնկալում են նաև խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցությամբ։ Օրեր առաջ ընտրություններին մասնակցելու ցանկությունը հաստատել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինիս որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը, ասում է․
«Այստեղ մի հատ շատ նուրբ գիծ կա, թե երբ պետք է արձագանքել և որտեղ է, որ պետք է մի կողմ դնել մնացած բաները: Մենք այս տարիների ընթացքում շատ հարցեր դրել ենք մի կողմ, չենք մտել դրա մեջ, չենք խորացել, վստահ եմ նաև մյուս կողմից է դա եղել, բայց հիմա այնպես ստացվեց, որ դրա արձագանքելու կարիք է առաջացել»:
Ի վերջո, ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Վերջին շրջանում հաճախ տրվող այս հարցին Քոչարյանն արձագանքում է․
«Մեծ հաշվով, իհարկե, այն ալիքը, որ բարձրացավ 2018 թվականին, հենց դա բերեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կարելի է վերլուծել, թե ինչի բանը հասավ դրան, որ նման ալիք եղավ ընդհանրապես: Սրանք հարցեր են, որոնք կարող են ունենալ տարբեր պատասխաններ ու տարբեր եզրակացություններ:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույն հարցին, թե ով բերեց Փաշինյանին իշխանության, այլ դիտանկյունից է մոտենում։ Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ասում է Ալեքսանյանը, ու դա ժողովուրդն է։ Արձագանքելով հարցին, թե վերջին շրջանում Քոչարյանի թիմակիցները և հանրապետականները միմյանց ակտիվորեն մեղադրում են Փաշինյանին իշխանություն տալու հնարավորություն ստեղծելու մեջ, Ալեքսանյանն արձագանքում է․
«Այստեղ է այն ֆենոմենը, որ ո՛չ Հանրապետականը, ո՛չ քոչարյանականներն այլևս երբեք ՀՀ-ում չեն լինելու իշխանություն: Այդ ֆենոմենն այն է, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, որ բերեց ժողովուրդը: Իրենք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները հարյուրհազարներով դուրս եկան փողոց ու որոշեցին»:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախագահ Բագրատ Միկոյանն ասել է՝ եթե 2018-ին իշխանության լիներ Ռոբերտ Քոչարյանը, ապա իշխանությունը չէր հանձնվի, Վահագն Ալեքսանյանն արձագանքում է․
«Խնդիրը հենց այն է, որ ո՛չ հանրապետականները, ո՛չ քոչարյանականներն այդպես էլ չեն հասկանում, որ իշխանություն չհանձնողն իրենք չեն, իշխանություն տվող-չտվողն իրենք չեն: Իշխանություն տվող մի մարմին կա ՀՀ-ում, ու դա ժողովուրդն է, ու քանի դեռ նրանք շարունակեն դա չհասկանալ, իրենց ձախողումների շղթան շարունակվելու է, իրենք շարունակելու են իրար գլխի տարատեսակ բաներ ջարդել»:
Ալեքսանյանը խոսեց նաև Գյումրիում սպասվելիք ընտրությունների մասին՝ դրա համար ընտրված մեխանիզմը՝ փրայմերիզը, գնահատելով որպես յուրօրինակ, որպիսին Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ չի կիրառվել։ Հենց այդ մեխանիզմի կիրառմամբ է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվել Սարիկ Մինասյանը։
«Փրայմերիզին, իհարկե, կարելի է հազար հատ անուն կպցնել, ինչը և շատ հաճախ անում են, բայց ես ձեզ վստահեցում եմ, որ ՀՀ-ում չկա երկրորդ կուսակցությունը, որը սրա 10 տոկոսի չափով ինչ-որ ժողովրդավարական պրոցեսով գեներացնի իր այս կամ այն թեկնածուին։ Հա՛, մենք ունենք որոշակի թերություններ, գուցե փրայմերիզի ինստիտուտը որոշակի լավարկման տեղ ունի»։
Հարցին՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ է՞լ է փրայմերիզ լինելու՝ Փաշինյանին առաջադրելով վարչապետի թեկնածու, Ալեքսանյանն արձագանքեց, թե հետաքրքիր գաղափար է, բայց, ասաց, դրա փոխարեն կլինի համաժողով, որի ընթացքում ՔՊ անդամները կձևավորեն իրենց ընտրական ցուցակը՝ իր առաջին համարով։




